Վերջերս ստեղծված Սաուդյան Արաբիայի մշակույթի նախարարությունը հայտարարել է արվեստի բնագավառում մի շարք նախաձեռնությունների մասին, որոնք ուղղված են տեղական կինոարտադրության զարգացմանը: Էր Ռիադում կայացած արարողության ժամանակ արքայազն Բադր բեն Աբդալլահ բեն Ֆարհանը, որին անցյալ տարի նշանակել էին երկրի մշակույթի առաջին նախարար, ներկայացրել է մի փաստաթուղթ, որը կոչվում է «Մեր մշակույթը, մեր ինքնությունը»: Դրանում շարադրված էին արվեստի տեղական հատվածի գործարկման առաջարկները: Առաջին հերթին Սաուդյան Արաբիայում առաջին կինոփառատոնն է: Այն կոչվելու է Red Sea International Film Festival եւ տեղի կունենա Ջիդդայի պատմական թաղամասում, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտն է: Փառատոնի նախագահ է դարձել սաուդցի երիտասարդ ռեժիսոր Մահմուդ Սաբբաղը, որը հայտնի է իր «Բարաքը հանդիպում է Բարաքին» (Barakah Meets Barakah) եւ «Ամրան և երկրորդ ամուսնությանը» (Amra and the Second Marriage) կատակերգություններով: Առաջին փառատոնը տեղի կունենա 2020 թվականին:
Բացի այդ, երկրում կստեղծվեն կինոֆոնդ եւ համատեղ կինոարտադրության համակարգ: Ճիշտ է, առայժմ բոլոր այդ նախաձեռնությունները սաղմնային փուլում են, սակայն դրանց առկայությունն ազդարարում է երկրի զարգացման նոր ազդակ՝ 2017 թվականի դեկտեմբերին կինոթատրոնների վրա 35-ամյա արգելքի հանումից հետո: Սաուդյան առաջին մուլտիպլեքսը բացվել է 2018 թվականի ապրիլին՝ VOX Cinemas մերձավորարեւելյան օպերատորի կողմից, որն այժմ պատրաստվում է Սաուդյան Արաբիայում եւս 110 սրահ գործարկել այս տարվա վերջին: Բացի կինոթատրոնների կառուցումից, երկիրը որոշել է իր տարածք գրավել կինոարտադրողներին: 2018-ին Կաննում հայտարարվել է Սաուդյան Արաբիայի պետական ռիբեյտների ծրագրի մասին, սակայն այս պահին նրանք դեռ քչերին են գրավել: