Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի խիստ ռուսական «Երկրաշարժ» ֆիլմը դիտելուց հետո, ներսումս ավելի արմատացավ այն համոզումը, որ Մեծ Եղեռնին, Արցախյան գոյամարտին ու երկրաշարժին առնչվող ֆիլմերը ժամանակավրեպ են, շատերը պրիմիտիվ ու անգրագետ, ինչպիսին էր վերոնշյալ ռուսական կինոնկարը: Բայց արի ու տես`ռուս կինոռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմը հեղափոխեց ինձ ու ստիպեց ինձ ջղաձգվել…
Կան ռեժիսորներ, որոնք իրականության հետ աղերս չունեցող դրաման, կեղծ վերապրումները ծածկում են տպավորիչ, “ավերիչ” ու էպիկական վիզուալ էֆեկտներով: Այնինչ Ալեքսանդր Կոտտի ֆիլմում. տեսնում ես հակառակ պատկերը. հոգեբանական սուր լարումով ճնշող “աղետալի” մինիմալիզմի ու այլաբանություն ներդաշնակ համադրություն:
Սեփական մարմնով ես անցկացնում մռայլ, ցրտաշունչ պատկերի տակ քողարկված նեռվը, հազիվ զսպելով արցունքները, փորձում ես սպանել ցասումը և բնության զորությանը դիմակայել անկարող լինելու վախը:
Ընդհանուր առմամբ, պետք է բարձր գնահատել ֆիլմը ստեղծողների, հատկապես, Գոռին մարմնավորած Լեռնիկ Հարությունյանի անձնվեր աշխատանքը: Ժամանակ առ ժամանակ առաջացնում էր հուզմունք: Ամեն-ինչ իրականին մոտ էր, բնական, վերապրած դետալ առ դետալ:
Կինոնկարի հիմքում մի մարդու պատմություն է, ով, թողնելով կնոջն ու դստերը, մեկնել է Մոսկվա: Տեղեկանալով Սպիտակում տեղի ունեցած ողբերգության մասին` նա լքում է իր ռուս ընկերուհուն և վերադառնում Հայրենիք` գտնելու իր տունը, ընտանիքի անդամներին:
Առանձին հիշատակման է արժանի հերոսի կնոջ և դստեր կերպարները մարմնավորած Հերմինե Ստեփանյանի ու Սաշա Պոլիտիկի խաղը: Եթե մայր և դուստր չհավատաին հրաշքների գոյությանը, փրկությունը չէր “թակի” նրանց սրտերը: Ու հենց այդ հրաշքն է, որ ֆիլմին հաղորդում է յուրատիպ հմայք:
Ալեքսանդր Կոտտի խոսքով, փոքրիկ Անուշի կերպարը ֆիլմը դարձնում է այլաբանական, դուրս հանում դասական “աղետ” ժանրի շրջանակից:
«Եթե մենք հավատում ենք, ուրեմն՝ հնարավոր է: Գլխավոր հերոսը` Գոռը, գնում է փնտրելու ընտանիքին, արդյունքում ընտանիքն է նրան գտնում: Հրաշքի մասին է այդ պատմությունը»,– Ալեքսանդր Կոտտ
Եզրակացություն.
Ազգային ողբերգության շուրջ ստեղծագործություն կառուցելիս, ֆիլմի ռեժիսորը հաշվի է առել երկու կարևորագույն հանգամանք` չափի զգացում, անկեղծություն… ու հավատք…
8/10