«ԿինոՊրես»-ը ներկայացնում է «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» նախաձեռնության բաց նամակը ԿԳՄՍ նախարարությանը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը «Հայաստանի ազգային կինոյի «Հայֆիլմ»» հիմնադրամի վերակազմավորելու եվ կանոնադրությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ։
«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա»| ՖԱՀՖ | նախաձեռնությունը ողջունում է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը «Հայաստանի ազգային կինոյի «Հայֆիլմ»» հիմնադրամի վերակազմավորելու եվ կանոնադրությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի հրապարակումը։
Մեզ համար կարևոր է, որ վերջապես ուրվագծվում է մոտ երեք տարի առաջ, «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումը։
Միևնույն ժամանակ, տարակուսանք է առաջացնում, որ Նախագծի հանրային քննարկման, առաջարկների ներկայացման համար նախագծի հեղինակը նախատեսել է ընդամենը 15 օր՝ հունվարի 11-ից 27-ը։
Այս ժամկետի սղությունը ընդգծվում է նրանով, որ հունվար ամսին ոլորտի առաջատար մասնագետները, մասնավորապես ՖԱՀՖ խորհրդի անդամները, պատրաստվում են կինոաշխարհում տարվա առաջին կարևոր միջոցառմանը՝ Բեռլինալեին և Եվրոպական կինոշուկային (փետրվարի 15-24)։ Հաշվի առնելով Եվրոպական կինոշուկային պատրաստվելու աշխատանքների ահռելի ծավալը, նախագծի հանրային քննարկման և առաջարկների համար նախատեսված ժամկետում բովանդակային առաջարկների ներկայացումը անհնարին է դառնում։
Հրապարակված նախագծի առաջացրած հարցերը բազմաթիվ են, իսկ դրանց քննարկման համար առաջարկվող ժամկետը՝ չափազանց կարճ, ինչն առաջացնում է մտահոգություն, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ը կինոյի պետական կառավարման ոլորտում անհրաժեշտ խորքային, արմատական բարեփոխումների փոխարեն ցանկանում է բավարարվել ֆորմալ իրավա-կազմակերպական փոփոխությամբ։ Պահպանվում են նույն կառավարիչները և կառավարման եղանակը, ինչի արդյունքը պետական աջակցություն ստացած տասնյակ անավարտ ֆիլմերի առկայությունն է, համաշխարհային կինոշուկայից և բարձրակարգ կինոփառատոներից Հայաստանը ներկայացնող կինոռեժիսորների ֆիլմերի բացակայությունն ու ժամանակակից հայկական կինոյի վիճակագրության չգոյությունը։
Մեր բովանդակային առաջարկները հանրային քննարկման առարկա դարձնելու համար, ՖԱՀՖ-ն առաջարկում է երկարացնել նախագծի քննարկման ժամկետը առնվազն 45 օրով՝ մինչև մարտի 15-ը։ Հակառակ դեպքում, տպավորություն է ստեղծվում, որ նախագծի հեղինակները նպատակ են դրել ամեն գնով իրականացնել ձևական վերափոխումներ՝ մասնագիտական, բովանդակալից հանրային քննարկման փոխարեն ստեղծելով հրապարակայնության իմիտացիա։
«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա»
Խորհրդի անդամներ՝
Սաթիկ Ստեփանյան,
Արամ Մանուկյան,
Կարեն Ծատուրյան,
Լիլիթ Գասպարյան,
Հովհաննես Գալստյան