Academy Films ֆիլմարտադրող և պրոդյուսերական ընկերությունը վճռել է օտարերկրյա կազմակերպությունների, ֆիլմարտադրողների համար Հայաստանը գրավիչ դարձնելու լուրջ նախագծեր առաջարկել։ Academy Films-ը Հայաստանը և Արցախը ներկայացնող տեսանյութեր է նկարահանել, որոնց հիման վրա ստեղծել է լոկացիաների՝ առանձին տեղանքների բազա։ Այն հիմնականում ներառում է պատմամշակութային, գեղատեսիլ վայրեր, որոնցից մոտավորապես 30-ն արդեն ներկայացված է Academy Films-ի պաշտոնական կայքում։
Հենց հիմա էլ նկարահանվում են բազմաթիվ ինտերիերներ, գործող ու լքված շինություններ, սովետական շրջանի, դրանից էլ հին բնակարաններ ու տներ, որոնք կարող են կինոարտադրության համար գործածվել ու հետաքրքրել արտասահմանյան ընկերություններին։ Ընկերությունը զուգահեռաբար զարգացնում է այն ծառայությունները, որոնք կտրամադրվեն պրոդյուսերական ընկերություններին։
Պրոֆեսիոնալ լոկացիաների փաթեթ պատրաստելը բավականին ծախսատար է, բայց պետք է քայլ անել, առաջ գնալ, միջազգային շուկայում ճանաչելի դառնալ։ Academy Films-ը մի քանի միջազգային հարթակներում ներկայացնում է իր ծառայությունների տեսակները, յուրաքանչյուր լոկացիայի մասին ոչ միայն լուսանկարներ, այլև տեսանյութեր ենք պատրաստել ու տեղադրել։ Պետք է հնարավորինս մատչելի կերպով ցույց տալ աշխարհին, թե ֆիլմարտադրության համար Հայաստանն ինչ ներուժ, ինչ տեղավայրեր, ինչ մթնոլորտ, միջավայր ունի։ Եվ այդ հնարավորությունները պետք է ներկայացնել բոլոր անկյուններից, օրինակ՝ մի տնակ, որը կարող է ֆիլմի մի տեսարանի համար պետք գա և դրա շրջակայքը, հարակից այն վայրը, որը ևս կարող է ֆիլմի նկարահանման ժամանակ օգտագործվել։ Եվ տեսանյութը դիտող ռեժիսորին արդեն պարզ է դառնում՝ այդ տեղանքը որքանո՞վ կարող է իր ֆիլմի համար օգտակար լինել։
Ի դեպ, լոկացիաները կարող են նաև փոփոխությունների ենթարկվել՝ ըստ ռեժիսորի ու ֆիլմի պահանջների։ Տարածաշրջանում լոկացիաների առաջարկման նման մոտեցում չկա։ Թեև Վրաստանում կինոարտադրությունը շատ ավելի է զարգացած, քան Հայաստանում, բայց անգամ այնտեղ ֆիլմարտադրության լոկացիաների համապարփակ, ամբողջական փաթեթ չեն առաջարկում։ Կան 5-10 րոպեանոց պրոմո-հոլովակներ, որտեղ ներկայացված են որոշ կինոլոկացիաներ միայն։ Եթե վրացիները պատվեր ունենում են, իհարկե, մյուս լոկացիաները ևս նկարում-ցուցադրում են։ Academy Films-ը հայաստանյան լոկացիաների հնարավորությունները համապարփակ, բազմակողմանի է ներկայացնում, որպեսզի միջազգային կինոարտադրողը լիովին պատկերացնի՝ ինչ հեռանկարներ կան Հայաստանում։
Լոկացիաների հանրահռչակամանն ուղված աշխատանքի շրջանակում ընկերությունը եկել է այն եզրահանգման, որ այս ծառայությունների զարգացումը շատ օգտավետ կարող է լինել նաև Հայաստանում զբոսաշրջության ոլորտի խթանման համար։ Քանի որ Academy Films-ը Հայաստանը ներկայացնող ֆիլմեր է պատրաստում և տուրիզմի կազմակերպման, տուրիզմին առնչվող հարցերին քաջատեղյակ է, այն առաջարկում է, որ դաշտը համախմբվի, ու ոլորտին վերաբերող խորքային հարցերը քննարկվեն։