Sony Pictures-ի նախկին ռուսական գրասենյակը կինոցանցերից գրեթե 1 մլրդ ռուբլի է պահանջում: Պահաջը կապված է հոլիվուդյան կոնտենտի ցուցադրությունների համար պարտքերի հետ՝ նախքան ստուդիայի Ռուսաստանից հեռանալը:
«Կոնտենտ-կլուբ» ընկերությունը, որը մինչև 2022 թվականը աշխատել է որպես Ռուսաստանում Sony Pictures ստուդիայի պաշտոնական ներկայացուցչություն (Sony Pictures Production and Releasing), երկու տասնյակ հայց է ներկայացրել ռուսական կինոցանցերի դեմ՝ 1 մլրդ ռուբլի ընդհանուր գումարի չափով: Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով արբիտրաժային գործերի քարտադարանի տվյալները:
Գումարի չափով ամենամեծ հայցը՝ 436,4 մլն ռուբլու չափով, ներկայացվել է «Ֆորմուլա կինո» և «Սինեմա Պարկ» միացյալ կինոցանցերին: Նախկին SPPR-ն պահանջում է 71,6 միլիոն ռուբլի «Կարո» կինոթատրոնների ցանցից, 176 միլիոն ռուբլի «Կինոմաքսից» և գրեթե 26 միլիոն ռուբլի «Սինեմա Սթարից»:
Բացի այդ, ավելի փոքր քանակությամբ հայցեր են ներկայացվել Goodwin Cinema, «Լյումեն», «Պրեմիեր զալ», «Միրաժ Սինեմա» ցանցերի իրավաբանական անձանց, ինչպես նաև սեփական կինոթատրոններով առևտրաժամանցային որոշ կենտրոնների (Օրինակ՝ Կրասնոգորսկի «Ռիգա Մոլը»): Բոլոր քսան հայցերի պահանջների ընդհանուր գումարը, ըստ ՌԲԿ-ի, կազմում է ավելի քան 980 միլիոն ռուբլի:
Տարբեր կինոցանցերի երկու աղբյուրներ ՌԲԿ-ին հայտնել են, որ Sony Pictures-ի նախկին գրասենյակի պահանջները կապված են հոլիվուդյան բովանդակության ցուցադրությունների պարտքերի հետ, որոնք գոյացել են նախքան ընկերության Ռուսաստանից հեռանալը:
«Սինեմա Պարկ»-ի և «Միրաժ Սինեմա»-ի դեմ հայցերում նշված է, որ պահանջները կապված են դեռևս 2019 թվականի դեկտեմբերին կնքված պայմանագրով հիմնական պարտքի և տոկոսների բռնագանձման հետ: «Սինեմա Սթարի» դեմ հայցում, իր հերթին, ասվում է պարտքի բռնագանձման մասին համաձայն 2020 թվականի հունվարի «տեսալսողական ստեղծագործությունների հրապարակային ցուցադրությունների ստանդարտ պայմանները կարգավորող շրջանակային լիցենզային պայմանագրի»: