Լոս Անջելեսի իր տանը, ընտանիքի շրջապատում, մահացել է ամերիկացի դերասան Չեդվիկ Բոուզմանը, որին դուք հավանաբար հիշում եք «Վրիժառուների» Սև Հովազի դերում: Բոուզմանի մահվան պատճառը, նրա պաշտոնական Թվիթերի հաղորդագրության համաձայն, օնկոլոգիական հիվանդությունն է, որի դեմ 43-ամյա դերասանը պայքարել է արդեն չորս տարի: Մարվելի «Սև հովազ 2» հաջորդ ֆիլմը նրա մասնակցությամբ պետք է թողարկվեր 2022 թվականին:
Կարիերան սկսել է երկուհազարականների ընթացքում հեռուստասերիալներում, ավելի ուշ մուտք է գործել կինո՝ գլխավոր դերեր խաղալով մի քանի կենսագրական ֆիլմերում: Իսկ 2016-ին առաջին անգամ Սև հովազի դերում Բոուզմանը հայտնվեց «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» ֆիլմում:
Մինչև վերջերս ուռուցքը մնացել էր երրորդ փուլում, և դերասանին հաջողվում էր թաքցնել հիվանդությունը. նա ֆիլմերում նկարահանվել է վիրահատությունների և քիմիաթերապիայի սեանսների միջև ընդմիջումների ժամանակ:
Ցավակցություն է հայտնել ամբողջ Հոլիվուդը, ինչպես նաև ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենը:
Բացի «Սև հովազից» նա խաղացել է «Եգիպտոսի աստվածները», «Ջեյմս Բրաուն. ճանապարհ դեպի վեր», «Դրաֆթի օր», «21 կամուրջ» և այլ ֆիլմերում: