Ադրբեջանում գրանցված կինեմատոգրաֆի կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթի 75%-ը հունվարի 1-ից 3 տարի ժամկետով ազատվում է շահութահարկից: Այս մասին հայտնում է Ադրբեջանի Հանրապետության Կինոյի Գործակալությունը:
Բացի այդ, սոցիալական ցանցերի իր էջում Միլլի Մեջլիսի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության հանձնաժողովի անդամ Վուգար Բայրամովը նշել է, որ Ադրբեջանի հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ Ադրբեջանում գրանցված և ֆիլմերի արտադրություն, ինչպես նաև կրկնօրինակում իրականացնող կինեմատոգրաֆի կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթի 75 տոկոսը 2024 թվականի հունվարի 1-ից երեք տարի ժամկետով ազատվել է հարկից:
«Արտոնությունները կգործեն առաջիկա երեք տարիների ընթացքում, ինչպես նաև կտարածվեն այն ձեռնարկությունների վրա, որոնք միկրոձեռնարկատերեր չեն: Հարկ է նշել, որ տվյալ արտոնությունները ներառված են նշված օրենսգրքի 106-րդ հոդվածում (ազատումներ և արտոնություններ):
Այս արտոնությունների ներդրումը կարևոր է ներքին կինոարտադրությանը աջակցելու տեսանկյունից: Չնայած վերջին տարիներին այս ոլորտում որոշակի ակտիվություն է նկատվել, այնուամենայնիվ, որոշ դժվարություններ կան հիմնարար նախագծեր ներկայացնելու հարցում: Նոր արտոնությունները ոչ միայն կավելացնեն կինեմատոգրաֆի կազմակերպությունների եկամուտները, այլև նրանց հնարավորություն կտան վերաներդրումներ կատարել: Ակնկալվում է, որ դա դրական ազդեցություն կունենա կինոարդյունաբերության զարգացման վրա: Այս ամենով հանդերձ, նպատակահարմար է այս ոլորտում հարկային արտոնությունների ոլորտի հետագա ընդլայնումը: Մասնավորապես, անհրաժեշտ է կիրառել խթաններ, որոնք նվազագույնի կհասցնեն կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների ծախսերը: Այս ուղղությամբ քննարկումները կշարունակվեն», – ասվում է հրապարակման մեջ:
Դեռ 2023 թվականի սեպտեմբերին կինոթատրոնների, կրկնօրինակման ստուդիաների և ֆիլմի տարածում իրականացնող տնտեսավարող սուբյեկտների (դիստրիբյուտոր) կողմից ծառայությունների մատուցումն ԱԱՀ-ից ազատելու կամ ԱԱՀ-ի ցածր դրույքաչափով հարկելու իմ առաջարկությունների վերաբերյալ ՀՀ Ֆինանսների նախարարության «Եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության բաժինը» հայտնել էր հետևյալը.
«Նոր հարկային արտոնությունների տրամադրումը հակադրվում է ներկա փուլում ՀՀ կառավարության կողմից իրականացվող՝ հայտարարված հարկային քաղաքականությանը: Մասնավորապես, ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ կառավարության ծրագրի 6.8-րդ բաժնի չորրորդ պարբերության 3-րդ կետի համաձայն՝ հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունն ու հասցեականությունը բարձրացնելու և այդ ռեսուրսները հանրօգուտ ու համապետական նշանակություն ունեցող ծրագրերի վրա ծախսելու, ինչպես նաև հարկաբյուջետային կայունությունն ապահովելու նպատակով քայլեր են իրականացվելու հարկային եկամուտների ընդլայնման ուղղությամբ:
Ներկա փուլում խնդիր է դրված ոչ միայն ձեռնպահ մնալ նոր հարկային արտոնությունների տրամադրումից, այլ նաև կիրառությունից հանել բոլոր այն հարկային արտոնությունները, որոնց կիրառությունը չի հիմնավորվում ծախսեր/օգուտներ հարաբերակցության տեսանկյունից։ Հարկ է նկատել նաև, որ համաձայն ՀՀ կառավարության ծրագրի 6.8-րդ բաժնի չորրորդ պարբերության` Կառավարությունը նպատակ ունի ապահովել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավում առնվազն 2.6 տոկոսային կետով՝ 2026 թվականին հարկեր/ՀՆԱ ցուցանիշը հասցնելով առնվազն 25 տոկոսի», – ասվում է 7 հիմնավորող կետ պարունակող նամակում: