Այսօր Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչեւ 5 րոպե տևողութամբ առևտրային գովազդ հեռարձակելու իրավունք:
Հանրային հեռուստաընկերությունը պահպանելու է նաեւ մշակութային, ուսումնական, գիտակրթական եւ սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ դրանց հովանավորների վերաբերյալ համառոտ տեղեկություններ հրապարակելու իրավունքը:
Առաջարկվում է կարգավորել նաեւ սոցիալական գովազդի ցուցադրման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես` սոցիալական գովազդը, կախված եթերաժամից, կարող է հեռարձակվել վճարովի կամ անվճար հիմունքներով: Այս նպատակով սահմանվում են հստակ ժամեր:
Հարակից զեկույցում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Թեւոսյանը խոսել է նախագծի դրական եւ խնդրահարույց կետերից` նշելով, որ վերապահումներ ունի գովազդի քանակի եւ բովանդակության մասով: Պատգամավորը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, կարծիք է հայտնել, որ հանրային հեռուստաընկերությանը կոմերցիոն գովազդ հեռարձակելու իրավունք տալը ներկա պայմաններում կարող է մի կողմից դժվարություններ ստեղծել մասնավոր հեռուստաընկերությունների համար, մյուս կողմից էլ կարող է նպաստել նույն մասնավորի շահերի եւ նրանց ֆինանսական դիրքերի ամրապնդմանը: Նա անդրադարձել է գնագոյացման եւ դաշտում մրցակցային պայմանների ապահովման խնդիրներին:
Աննա Կոստանյանն անդրադարձել է նախագծի վիճահարույց դրույթներին, փաստաթղթի ընդունման դեպքում կարեւորել պատշաճ վերահսկողությունը` ազատ մրցակցության ապահովման եւ դրա խաթարման դեմ փորձերը կանխելու նպատակով:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի համոզմամբ` նախաձեռնությամբ ազատականացվում է գովազդի շուկան, հանրայինին վերադարձվում է կոմերցիոն գովազդ հեռարձակելու իրավունքը` վերապահելով հավասարակշռող դեր, իսկ մասնավորը հնարավորություն է ունենում ավելի ազատ աշխատել, գովազդ գնել ու վաճառել: Ըստ խորհրդարանի փոխնախագահի` կստեղծվի այլընտրանք մենաշնորհված դաշտում:
Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով` տարիներ շարունակ գովազդի շուկան, հեռուստաընկերությունները դիտվել են որպես քաղաքական ճնշման գործիք ընդդիմախոսների նկատմամբ: Նրա համոզմամբ` նախագիծը հնարավորություն կտա շուկան ազատելու մենաշնորհներից:
Օրենքի նախագիծն Ազգային ժողովում ընդունվել է առաջին ընթերցմամբ՝ ձայների 101 կողմ և 12 ձեռնպահ հարաբերակցությամբ: