Ամերիկյան կինոարդյունաբերությունը եւ կինոթատրոնների 150 հազար աշխատակիցներ դիմել են ԱՄՆ Կոնգրեսին՝ աջակցության արտակարգ միջոցների խնդրանքով: Կինոթատրոնների սեփականատերերի ազգային ասոցիացիան հանդես է եկել առաջարկությունների փաթեթով, որն այս պահին գտնվում է Կոնգրեսի քննարկման փուլում:
Կինոթատրոնները խնդրում են պետական երաշխիքներ տրամադրել վարկերի համար, որպեսզի նվազեցնեն լիկվիդայնության հետ կապված խնդիրները: Առաջարկվում է նաեւ հարկային արտոնություններ տրամադրել գործատուների կողմից աշխատողների աջակցությունը հեշտացնելու համար, հարկադիր փակման ժամանակ ընթացիկ ծախսերի փոխհատուցումը եւ այլ հարկային միջոցներ, որոնք կօգնեն կինոթատրոններին վերադարձնել կորուստները այն բանից հետո, երբ նրանք նորից աշխատեն լիարժեք հզորությամբ:
«Կինոթատրոնների բիզնես մոդելը յուրահատուկ կերպով խոցելի է ներկայիս ճգնաժամի մեջ: Քանի որ մենք դիմակայում ենք անընդհատ փոփոխվող եւ աննախադեպ այս իրավիճակին, մենք կոչ ենք անում Կոնգրեսին եւ վարչակազմին ապահովել, որ կինոթատրոնների ինդուստրիան եւ նրա տասնյակ հազարավոր աշխատակիցներ ամբողջ երկրում կարողանան հանգիստ լինել իրենց ապագայի համար», – նշվում է Կինոթատրոնների սեփականատերերի ազգային ասոցիացիայի ուղերձում:
Կազմակերպության տնօրենների խորհուրդը նաեւ հավանություն է տվել դրա ռեզերվից մեկ միլիոն դոլար հատկացնելուն՝ որպես օգնություն կորոնավիրուսի պատճառով աշխատանքը կորցրած կինոթատրոնների աշխատակիցներին: Ներկայում Սպիտակ տունը մշակում է ավելի քան տրիլիոն դոլար ընդհանուր արժողությամբ միջոցառումների զանգվածային փաթեթ, որն իր մեջ ներառում է ամերիկացիներին դրամական միջոցների ուղղակի հատկացում եւ վարկեր՝ տնտեսության ներկայիս ճգնաժամի պատճառով հատկապես տուժած ոլորտներին: