Ամերիկյան կինոասերների ճնշող մեծամասնությունը մտադիր է կինոթատրոններ վերադառնալ դրանց բացումից հետո, սակայն շատերին որոշակի ժամանակ կպահանջվի դրա համար: Նման արդյունքներ է տվել մարտի 24-28-ը EDO վերլուծական կորպորացիայի կողմից անցկացված հարցումը: Հարցմանը մասնակցել է 6800 մարդ, որոնց 95 տոկոսը վերջին կես տարում առնվազն երկու անգամ եղել է կինոյում:
Այն հարցին, թե պատրա՞ստ են արդյոք կինո գնալ կինոթատրոնների բացումից անմիջապես հետո, դրական պատասխան է տվել հարցվածների 70 տոկոսը: 45 տոկոսը շատ հավանական է, որ դա անի, եւս 25 տոկոսը դրա հավանականությունը բավական բարձր է համարում: Սա լավ նորություն է մասնավորապես Հոլիվուդի համար և համաշխարհային կինոարդյունաբերության համար:
Միաժամանակ հարցվածների 20% ասել է, որ կինոթատրոններ կվերադառնան դրանց բացումից անմիջապես հետո, 25%-ը դա կանի մի քանի օրվա ընթացքում: Ընդ որում, 45 տոկոսը պատասխանել է, որ նախընտրում է սպասել մի քանի շաբաթ, իսկ եւս 11 տոկոսը կարծում է, որ ավելի լավ է վերաապահովագրվել եւ մի քանի ամիս շարունակ զերծ մնալ կինոթատրոններ այցելելուց:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում եւ Կանադայում կինոթատրոնները սկսել են զանգվածաբար փակվել մարտի 16-ին: Մարտի 20-ին ամերիկյան կինովարձույթը գրեթե ամբողջությամբ կանգ է առել: Իսկ այս պահին կինոարդյունաբերությունում հույս ունեն, որ աշխատանքը կվերսկսվի մինչեւ հունիսի կեսերը: Շատերը, սակայն, նման կանխատեսումները չափազանց լավատես են համարում: Բացի այդ, կինոթատրոնները ստիպված կլինեն դիմակայել նոր թողարկումների գրեթե լիակատար բացակայությանը: Տեղափոխելով գրեթե բոլոր ապրիլյան եւ մայիսյան պրեմիերաները՝ Հոլիվուդում ակտիվորեն վերանայում են արդեն հունիսյան թողարկումները: