Հայկական ազգային կինոակադեմիան, ամփոփելով ազգային ընտրության արդյունքները, հայտարարում է «Օսկար» մրցանակի հավակնորդին «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում։
Ամերիկյան կինոակադեմիայի 97-րդ մրցանակաբաշխությանը Հայաստանի կողմից կներկայացվի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը։
Հայկական ազգային կինոակադեմիան չի հայտնում թե ո՞ր ֆիլմերի միջև էր կայացվում ընտրությունը՝ Հայաստանը «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացնելու համար:
Ֆիլմի առանցքում է Յաշայի պատմությունը՝ սովորական խորհրդային աշխատավորի պատմություն է, ով ողջ կյանքում հավատարմորեն աշխատել է ոչ այնքան հաճելի արտադրությունում, և ով ոչ մի կերպ չի կարողանում ընդունել փոխված ներկայիս իրականությունը։ Նա շարունակում է ապրել մի երկրում, որն արդեն վաղուց չկա․․․
1976թ․ Յաշա Մալայանը եղել է ԽՄԿԿ 25-րդ համագումարի պատվիրակ. դա միակ լուսավոր կետն էր նրա ողջ կյանքում, որը մոտենում է իր ավարտին։ Լեոնիդ Բրեժնևը, ասես Յաշայի «Alter Ego», բարձրաձայնում է այն, ինչ Յաշան չի համարձակվում ասել կամ անել։ Նրա ողջ կյանքը անցյալի հերոսներն են՝ Ֆիդել Կաստրոն, Էռնեստո Չե Գևարան, Իոսիպ Բրոզ Տիտոն, Ելենա և Նիկոլաե Չաուշեսկոները, Էրիկ Հոնեկերը ու նույնիսկ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության դիկտատոր՝ Ժան Բեդել Բոկասան։ Յաշան հավատարմության երդում է տալիս նրանց, ինչն անհարմարություններ է ստեղծում իր ընտանիքին։
Ֆիլմի գլխավոր դերակատարներն են թատրոնի և կինոյի դերասան Մայիս Սարգսյանը (Յաշա) և թատրոնի, կինոյի ռուս դերասան, թատրոնի և հեռուստատեսության ռեժիսոր Մաքսիմ Վիտորգանը (Լեոնիդ Բրեժնև):
Ֆիլմը ստացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ռուսաստանի Դաշնության մշակությի նախարարության ֆինանսական աջակցությունը:
Հիշեցնենք, որ «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը «Անահիտ» ազգային կինոմրցանակաբաշխության ժամանակ արժանացել է միանգամից մի քանի մրցանակների՝ «Լավագույն ռեժիսորական աշխատանք» (Էդգար Բաղդասարյան), «Լավագույն օպերատորական աշխատանք» (Սուրեն Թադևոսյան), «Լավագույն սցենար» (Էդգար Բաղդասարյան), «Տղամարդու լավագույն դերակատարում» (Մայիս Սարգսյան), «Լավագույն հնչյունային ձևավորում» (Տիգրան Կուզիկյան):