1995-ին Էկրան բարձրացած «Անմիտը» դեռահասային կատակերգությունը շարունակություն կստանա: Շարունակությունը լինելու է սերիալի տեսքով: Այն նվիրված կլինի գլխավոր հերոսուհու ընկերուհուն՝ Դայոնին, որին օրիգինալ ժապավենում մարմնավորել է Սթեյսի Դեշը, հայտնում է Variety-ն։
Գործողությունը կընթանա Շերի (Ալիսիա Սիլվերսթոուն) անհետացումից հետո, եւ դպրոցում ամենահայտնի աղջկա տեղը կզբաղեցնի Դայոնը: Նա կհայտնվի իր համար նոր դերում եւ փորձելու է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել իր լավագույն ընկերուհու հետ: Ստեղծողները նոր հայացք կառաջարկեն սեւամորթ դեռահաս աղջկա կյանքին: Նրան նկարագրում են որպես նորաձեւ դեռահաս՝ մուգ ակնոցներով եւ վարսակի կաթով լատտեյի բաժակը ձեռքում:
Դերասանական կազմի մասին մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Սցենարի վրա կաշխատեն Ջորդան Ռեդդաութը եւ Գաս Հիքին: Իսկ նախագծի պրեմիերան կկայանա Peacock-ում՝ NBC հեռուստաալիքի եւ Universal ստուդիայի նոր սթրիմինգային հարթակում:
Էմի Հեկերլինգի բնագիրը, որն ԱՄՆ-ի վարձույթում 56 մլն դոլար էր հավաքել 12 մլն բյուջեի դեպքում, Ջեյն Օսթինի «Էմմա» վեպի գործողությունը տեղափոխել է 20-րդ դարի վերջի Բեվերլի Հիլզ: Դեռահաս աղջիկ Շերը, ում մայրը մահացել է «լիպոքսացիայի ժամանակ դժբախտ պատահարից», դաստիրակվում է մեծահարուստ հոր կողմից մեծ և շքեղ տանը: Կյանքի մեծ մասը նա անցկացնում է խանութներում, ընտրելով իրեր իր հսկայական զգեստապահարանի համար: Մինչ Շերը միջամտում է իր ընկերների գործերին, նա գրեթե չի նկատում իր խորթ եղբայր Ջոշին: Ֆիլմը նաեւ հեռուստատեսային տարբերակ ունի, որը հեռարձակվել է 1996-ից մինչեւ 1999 թվականը: