«Մել» ֆիլմի ֆինանսավորման համար 20 մլն դրամ հատկացնելու որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում, ինչը պայմանավորված էր մարզիկի սեռափոխության փաստով, որին ևս անդրադարձ կա ֆիլմում: Այդ ֆիլմը հաստատվել է և նախարարի, և իմ նշանակումից առաջ, թեպետ դա էական չէ:
Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
«Երբ նախարարությունները միավորվեցին, այդ պայմանագիրն արդեն հաստատված է եղել, բայց նույնիսկ եթե մեր ժամանակ լիներ, միևնույն է, որևէ բան դա չէր փոխելու: Նախորդ պաշտոնակատարը իրավունք չուներ չհաստատել, քանի որ մասնագիտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել: Երբ ասում ենք պետությունը գումարը տվել է, պետք է խոսենք նաև գումարի տրամադրման մեխանիզմների մասին: Այնպես չէ, որ նախարարը վերևում նստած որոշում է, թե ով պետք է դրամաշնորհներից օգտվի: Նախարարությունը կինոյին հատկացրած տարեկան բյուջեն տրամադրում է ազգային կինոկենտրոնին։ Ազգային կինոկենտրոնը ձևավորում է մասնագիտական հանձնաժողովներ, որտեղ անկախ փորձագետներ են և նրանց գործունեությանը մենք սկզբունքորեն միջամտություն չենք ունենում: Եթե մենք ստեղծում ենք անկախ ստեղծագործական մարմիններ և շարունակում ենք վերահսկել և միջամտել այդ գործին, մենք սովետական տրամաբանությամբ մտնում ենք 21-րդ դար։ Որոշողները տվյալ ոլորտի փորձագետներն են»:
Խզմալյանն ասում է՝ ֆիլմի պրեմիերան դեռ չի եղել, մենք չգիտենք՝ ինչի մասին ենք խոսում, բայց արդեն քննադատում ենք:
«Հայաստանի հանրապետությունը ազատ պետություն է, և ազատ ստեղծագործելու, կարծիք հայտնելու իրավունքն ամրագրված է երկրի հիմնական օրենքով՝ սահմանադրությամբ: Եթե որևէ մեկի իրավունքը չի խախտվել և օրենք չի շրջանցվել, ապա իրավունք չունենք բացասական վերաբերմունք և արձագանք ձևավորելու երևույթի մասին»,-նշում է Խզմալյանը:
Դիտարկմանը, որ ֆիլմի ռեժիսորը հարցազրույցներից մեկում նշել է, որ «Մել»-ի առանցքային թեման սիրող զույգի պատմություն է՝ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանելու նրանց պայքարն ու միասին անցած ճանապարհը, և հենց դա էլ հասարակության կողմից քննադատության պատճառ է դարձել, Արա Խզմալյանն ասաց.
«Ֆիլմը չեմ տեսել որ կարողանամ ասել, թե ինչի մասին է այն: Մեր ֆինանսական ռեսուրսները շատ փոքր են մեծ տեմպերով կինոարտադրությունը զարգացնելու համար: Մեր կինոյի ոլորտի մարդկանց համառ ջանքերի ու նվիրումի շնորհիվ մենք քայլ առ քայլ մտնում ենք միջազգային կինոշուկա: Մեր դրսի գործընկերները երբ տեսնեն, որ մեր հասարակությունում ֆիլմը դեռ պրոցեսում հասարակության մեջ բացասական վերաբերմունք է ձևավորում ֆիլմի հանդեպ, մեզ կնայեն որպես խավարամիտների, հետամնացների: Դրա համար աղմուկից առաջ պետք է հարցին նայել բոլոր կողմերից: Եթե պիտի թեմայով կողմնորոշվենք, այդ տրամաբանությամբ մտածենք, ապա պիտի մերժենք համաշխարհային արվեստի 80 տոկոսը»:
Նշենք, որ Մել Դալուզյանի մասին պատմող «Մել» լիամետրաժ ֆիլմը Հայաստանի ազգային կինոկենտրոն էր ներկայացվել և դարձել 65 հայտերից երկրորդ փուլ անցած նախագծերից մեկը: Ֆիլմարտադրող ընկերությունը «Բարս Մեդիա»-ն է, պրոդյուսերները՝ Իննա Սահակյանը և Վարդան Հովհաննիսյանը: Իննա Սահակյանը նաև ֆիլմի սցենարիսն ու ռեժիսորն է: