Ադրբեջանական կինեմատոգրաֆը անկախության տարիներից ի վեր մեծ զարգացում չի ապրել: Պատերազմում պարտություն ապրելուց հետո երկրի կինոն հիմնականում հետապնդում էր հայերին վատ կողմից ներկայացնելու միտքը: Այս ֆիլմերի շարքում ադրբեջանական հասարակության շրջանակում առավել հայտնի է «Ճիչ» կամ ադրբեջաներեն «Fəryad» անունով Ջեյխուն Միրզոևի կինոնկարը:
1993 թվականին «փուռից» տաք տաք ադրբեջանական հասարակության հեռուստաէկրանին դրեցին մի ֆիլմ, որտեղ հայերը ներկայացված էին, մեղմ ասած, տհաճ:
Նոր դիրք զբաղեցրած պետությունը, առաջին ֆիլմի թողարկումից 28 տարի անց, իր պետական «Ադրբեջանֆիլմ» կինոստուդիայի միջոցով որոշեց պատվիրել «Ճիչ» ֆիլմի շարունակության սցենարը, որը գրվելու է առաջին ֆիլմի սցենարիստ՝ Վագիֆ Մուսթաֆաևի գրչով: Ֆիլմը նվիրված է լինելու Արցախյան երկրորդ պատերազմին, որը Ադրբեջանում անվանում են «Հայերենական պատերազմ»:
«Կարծում եմ, որ այս ֆիլմը կդառնա ադրբեջանական կինեմատոգրաֆում լավագույն ներդրումներից մեկը», – ասել է Ջաֆար Ջաբբարլիի անվան «Ադրբեջանֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Ֆարիզ Ահմեդովը:
Նշենք, որ ֆիլմի նկարահանումները նախատեսվում է անցկացնել այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին՝ հիմնականում այն շրջաններում, որտեղ մարտական գործողություններ են իրականացվել պատերազմի ժամանակ։
Ահմեդովը նշել է, որ նոր նախագծերի թվում է «Կրպակ» հինգսերիանոց մինի-սերիալի ստեղծումը Միրսադիգ Աղազադեի «Ձեր բարեկարգ տունը» գեղարվեստական ֆիլմի նկարահանման նյութերով: Ֆիլմի արտադրությունը կավարտվի նոյեմբերին, այն արդեն ձայնային մշակման փուլում է: Մեկ այլ նախագիծ, որը կինոստուդիան արել է Բաքվի մեդիակենտրոնի հետ՝ «Մենք» վավերագրական ֆիլմն է: Ինչպես նշում է Ահմեդովը, սա ֆիլմ է այն մարդկանց մասին, ովքեր թրենդի մեջ են հայտնվել՝ շնորհիվ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ բջջային հեռախոսների վրա նկարահանված տեսանյութերի: Ֆիլմը, որի ռեժիսորը Օրման Ալիևն է, մոնտաժային փուլում է, նախատեսվում է այն նույնպես հանձնել նոյեմբերին:
Էլչին Մուսաօղլուի «Մարիամ» կինոնկարը նույնպես արտադրության մեջ է և պատրաստ կլինի տարեվերջին։ Նկարահանումները տեղի կունենան այս տարվա մայիս-հունիսին Շեքիի, Կախի, Զաքաթալաի և Բալականի շրջաններում:
«Ադրբեջանֆիլմը» 30 տարի անց թարմացրել է իր տեխնիկական բազան, ինչը թույլ է տալիս նկարել տարեկան երկու խաղարկային և մեկ փաստավավերագրական ֆիլմ: