ՊԱՐԱԼԼԵԼՍ ՖԻԼՄՊՐՈԴԱՔՇՆ կինոընկերություն
26-07-2021թ, Երևան
ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանին
Պարոն ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար, վերջերս ես, որպես ընտրված կինոնախագծի արտադրող, մասնակցում էի իռլանդական Գոլվեյ քաղաքում անցկացվող միջազգային կինոշուկայի, որտեղ համաշխարհային կինոինդուստրիայի առաջատար 68 կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներ առանձին հանդիպումներում քննարկում էին՝ ինչպես աջակցել ընտրված կինոնախագծերին, իսկ ընդհանուր հավաքներում՝ ինչպես հաղթահարել համավարակով պայմանավորված ֆիլմարտադրության ճգնաժամը։ Որպես ուղիներ նշվում էին ֆիլմերի ֆինանսավորման կառույցների աշխատանքի արդյունավետության բարձրացումը, միջեվրոպական մասնագիտական ցանցերի ամրապնդումը, համավարակից առանձնապես շատ տուժած տնտեսությամբ երկրների կինոկառույցներին աջակցությունը։
Վստահ եմ, Դուք գիտեք, որ Եվրոպայում կինոն համարվում է արվեստ և կինոյի պետական աջակցությունը ամրագրված է իրավական ակտերով։ Եվրոպական կինոարտադրության համար կինոյի պետական կառույցները առանձնահատուկ նշանակություն ունեն։ Հենց նրանք են հանդիսանում այն առաջնային օղակը, որ միավորում է եվրոպական երկրների ֆիլմարտադրողներին՝ երկրների միջև կնքելով համատեղ ֆիլմարտադրությանն աջակցող պայմանագրեր։
Զարգացած կինոարտադրությամբ երկրների կինոկառույցների և արտադրողների հետ հանդիպումները բացահայտեցին ցավալի մի իրողություն։ Երկրների մեծ մասի հետ համագործակցությունը անհնարին է՝ Հայաստանի հետ «ֆիլմերի համատեղ արտադրության» պայմանագիր չունենալու և հայաստանյան պետական կինոկառույցի հետ շփումների բացակայության պատճառով։ Մի քանի հարյուր միլիոն եվրո կապիտալով ազգային ֆոնդերի գումարները մնում են անհասանելի հայաստանյան ֆիլմարտադրողների համար՝ պետական կառույցի իներտության, մեկուսացվածության, եվրոպական երկրների համարժեք կառույցների հետ փոխգործակցության բացակայության պատճառով։
Հավաստի աղբյուրներից տեղյակ եմ, որ «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի դեմ հարուցված է քրեական գործ։ Անցած տարի ԱԺ-ում հնչեցվեցին ՀՀ հաշվեքննիչ պալատի մտահոգիչ տեղեկությունները՝ ֆիլմերի ֆինանսավորման մտահոգիչ պատկերի մասին, այդ մասին բարձրաձայնել են ԱԺ պատգամավորներ, Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան բազմաթիվ հրապարակումներ է ունեցել անավարտ ֆիլմերում սառեցված կամ փոշիացված պետական հարյուրավոր միլիոնների մասին։ Չնայած այդ ամենին և ի հեճուկս ՊՈԱԿ-ների ղեկավարների մասին ՀՀ օրենքի, «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» արդեն չորս տարի ղեկավարվում է նույն անձի՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից։
2018թ-ին, երբ «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» կեղծ տվյալներով դիմումի հիմքով քրեական գործ հարուցվեց իմ կինոընկերության դեմ, ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը նամակով դիմեց մեր ֆիլմերի միջազգային ներդրողներին՝ հորդորելով «դադարեցնել ներդրումները՝ մինչև իրավական հարցերի կարգավորումը»։ Մի կողմ թողնելով հարցի բարոյական կողմը, այն, թե ինչ հարված հասցրեց այդ նամակը, և մեր դեմ հարուցած քրեական գործը՝ Հայաստանի ֆիլմարտադրության մեջ ներդրումներին, ես ուզում են շեշտել, որ քրեական գործի կարճվելուց հետո, Ձեր կողմից ղեկավարվող նախարարությունը չդրսևորեց տարրական բարեկրթություն և արիություն՝ քրեական գործի կարճման մասին նույն ներդրողներին տեղեկացնելու և ներդրումները շարունակելու հորդորով նամակ ուղարկելու համար։ Սակայն այս բաց նամակի նպատակը իմ անձնական հարցերը չեն։
Որպես
- Ձեր կողմից ղեկավարվող գերատեսչության մի հատվածի՝ ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգևին՝ Ոսկե Մեդալին արժանացած ՀՀ քաղաքացի,
- Հայաստանի «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխության հաղթող,
- Անկախության շրջանի հայկական ամենատիտղոսակիր խաղարկային ֆիլմի հեղինակ,
- Վերջին չորս տարում ազգային կինոկենտրոնի միջոցով կինոյի համար տրվող պետական գումարներից ապօրինաբար մեկուսացված կինոընկերության ղեկավար, դիմում եմ ստորև շարադրված հարցերով, և ակնկալում եմ ստանալ պատասխանները հրապարակավ, կամ անձնական հանդիպման ընթացքում։
1) «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը չորս տարի ղեկավարում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, չեն անցկացվում տնօրենի ընտրություններ, ինչը հակասում է ՊՈԱԿ-ների ղեկավարման մասին ՀՀ օրենքին։ Ինչու՞ և դեռ որքա՞ն է շարունակվելու այս ապօրինությունը։
2) Վերջին չորս տարում ՀՀ կառավարությունը անշեղորեն կատարել է ՀՀ Պետական բյուջեի կետ 1056 «Կինեմատոգրաֆիայի ծրագրով» հաստատված գրեթե 825 (ութ հարյուր քսանհինգ) միլիոն ՀՀ դրամի և ՀՀ պետական բյուջեի 1056-11001. «Կինոնկարների արտադրություն» ծրագրով հաստատված ավելի քան 500 (հինգ հարյուր) միլիոն ՀՀ դրամի տարեկան հատկացումները։ Անտեսելով Հայաստանի կինոարտադրության ներուժը, դեմ գնալով պրոֆեսիոնալիզմին և տարրական տրամաբանությանը, ազգային կինոկենտրոնը ներդրումներ է արել հարյուրավոր կինոնախագծերի մեջ, որոնք կանխատեսելիորեն չեն ավարտվել։ Արդյունքում պետական գումարների բազմամիլիոն ներդրումներ սառեցվել են կամ փոշիացվել։ Ե՞րբ է ազգային կինոկենտրոնը կամ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակելու հաշվետվություն՝ 2017-2021թթ-ին պետական աջակցություն ստացած բոլոր կինոնախագծերի արտադրական կարգավիճակի մասին։ Ինչու՞ չեն հրապարակվել ամենամյա հաշվետվություններ, ինչպես դա անում են աշխարհին հայտնի բոլոր ազգային կինոկառույցները։
3) Վերջին չորս տարում ՀՀ կառավարությունը ավելի քան երեք միլիարդ դրամ է հատկացրել կինեմատոգրաֆիայի պետական քաղաքականությունը մշակելու, ազգային կինոարվեստը զարգացնելու համար։ Ո՞րն է այդ քաղաքականությունը և ու՞ր են այդ ֆիլմերը։
4) Վերջին չորս տարում ՀՀ կառավարությունը ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ին հատկացրել է մոտ երկու միլիարդ դրամ, այն դեպքում, երբ հայաստանյան մեդիայի անդրադարձներից դատելով, նույն այդ ժամանակահատվածում ստեղծված ամենահաջողակ ֆիլմերը արտադրվել են առանց կինոկենտրոնի աջակցության։ Ի՞նչ մասնագիտական չափորոշիչներ են գործում կինոյի պետական աջակցության ոլորտում, եթե պետության աջակցած կինոնախագծերը չեն ավարտվում կամ որևէ հաջողություն չեն գրանցում ոչ հայ հանդիսատեսի, ոչ միջազգային մասնագիտական շրջանակներում, իսկ մասնավոր ընկերությունների անկախ արտադրանքը գրանցում է ակնհայտ հաջողություններ։
5) Որքանո՞վ է նպաստում հայկական պետական կինոկառույցի՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» իմիջին ու աշխատանքի արդյունավետությանը այն փաստը, որ վերջինիս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ոլորտը ներքաշել է դատական քաշքշուկների մեջ, իսկ անձամբ ինքը ներգրավված է կինոկենտրոնում տեղի ունեցած ապօրինությունների և չարաշահումների վերաբերյալ քրեական գործով։
6) Մեր հարևան երկրում՝ Վրաստանում, կառավարության ակտիվ աջակցության շնորհիվ, վերջին չորս տարում նկարահանումների անցկացման նպատակով միջազգային աղբյուրներից ներդրվել է ավելի քան 20 միլիարդ դրամ: Որքա՞ն ներդրում է արվել Հայաստանում։ Եվ եթե այդ արդյունքը 0 դրամ է, ինչպե՞ս կարող էր ազգային կինոկառույցը արգելափակել միջազգային ներդրումները՝ ուղիղ խնդրելով ներդրողներին՝ սառեցնել համագործակցությունը հայկական կինոընկերության հետ։
Պարոն նախարար, ես վստահ եմ, որ հայկական կինոյի դաշտում կան բազմաթիվ պրոֆեսիոնալներ, որոնք կարող են կրկնապատկել այս հարցերը։ Ցավոք, նախարարությունը չի դրսևորում բավարար քաջություն այս հարցերի հետ առերեսվելու, անկախ արտադրողների հետ դեմ առ դեմ կինոյի հարցերը բաց քննարկելու համար։ Մինչդեռ հարևան երկրների ցցուն հաջողությունների ֆոնին, հայկական կինոյի ճգնաժամն ավելի է ընդգծվում։ Մեր կինոն գրացում է իր հարյուրամյա պատմության ամենավատ ցուցանիշները։ Ես ակնկալում եմ բաց քննարկում այս հարցերի՝ ի շահ մեր ազգային կինոյի։ Որքան շուտ, այնքան լավ։
Հարգանքով, Հովհաննես Գալստյան,
Կինոռեժիսոր, պրոդյուսեր
Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության հիմնադիր