Բելառուսի հայտնի «Բելառուսֆիլմ» կինոստուդիան դիմել է Ռուսաստանի Կինոյի Հիմնադրամին՝ 2-3 տարիների ընթացքում 20 ֆիլմերի ֆինանսավորման համար։ Այս մասին հայտնել է կինոստուդիայի գլխավոր տնօրեն Յուրի Ալեքսեյը՝ «Բելառուսֆիլմ»-ի 100-ամյակի կապակցությամբ տված հարցազրույցում։
Նրա խոսքով, ծրագրերը ներառում են 3-5 անիմացիոն, 3 խաղարկային և 10 վավերագրական ֆիլմերի արտադրություն։ Ալեքսեյն ընդգծել է նաև՝ Հիմնադրամից ակնկալում են ոչ միայն բյուջետային, այլև արտաբյուջետային միջոցներից աջակցություն՝ նախագծերի օպերատիվ ֆինանսավորման համար։
«Նման միջազգային համատեղ նախագծերը կարևոր նշանակություն ունեն Միութենական պետության հարաբերությունների զարգացման համար։ Դրանք կարող են նպաստել կրթական ծրագրերի, կինոընկերությունների զարգացմանը, ինչպես նաև միջազգային կինոարխիվների ասոցիացիայի ստեղծմանը»,- նշել է Ալեքսեյը։
Հիշեցնենք, որ 2019-2023 թվականներին ռուսական կինոշուկայի տեղական արտադրության լիամետրաժ ֆիլմերի մասնաբաժինը աճել է 22%-ից մինչև 72%։ Սա, ըստ Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Ֆուրսինի, վկայում է կինոարտադրության լուրջ առաջընթացի մասին։
«Բելառուսֆիլմ»-ն այժմ տարեկան արտադրում է 12-15 վավերագրական ֆիլմեր՝ ընդգրկելով այնպիսի թեմաներ, ինչպիսիք են պարալիմպիացիներ Ալեքսեյ Տալայը, ըմբշամարտիկ Ալեքսանդր Մեդվեդը և Բելառուսի ժողովրդի ցեղասպանության պատմությունը։ Ալեքսեյի խոսքով՝ այս ֆիլմերը ոչ միայն կրթական նշանակություն ունեն, այլև ներկայացնում են մարդկային հոգու խորությունը։
Բացի այդ, կինոստուդիայում վերականգնում են հին ֆիլմերը, թվայնացնում են ֆիլմը, կատարում որակյալ գունաշտկում, մոնտաժ, կրկնօրինակում: Հատկապես ընդգծվում են «Վարպետների քաղաք» (1965 թ.) և «Բուրատինոյի արկածները» (1975 թ.) ֆիլմերը, որոնք վերականգնվել են բարձր որակով։