Փետրվարի 20-ին Գերմանիայի մայրաքաղաք Berlinale Palast-ում տեղի է ունեցել Բեռլինի միջազգային 70-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Բացման ֆիլմ է դարձել կանադացի ռեժիսոր Ֆիլիպ Ֆալարդոյի «Սելինջերի իմ տարին» դրաման, որը ներկայացրել է ինքը՝ ռեժիսորը, ինչպես նաեւ գլխավոր դերերի կատարողները:
Երեկոն սառն էր, և կարմիր գորգի վրայով, դողալով, շրջում էին Սիգուրնի Ուիվերը, Մարգարետ Քուելին, Դուգլաս Բուտը, ինչպես նաև գլխավոր մրցույթի ժյուրիի անդամները՝ Բրիտանական թատրոնի և կինոյի դերասան Ջերեմի Այրոնսի գլխավորությամբ և շատ ուրիշներ:
Բեռլինում հոբելյանական ստուգատեսի բացումը մթագնվել է Գերմանիայի Խանաու քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետեւանքով: Արարողության սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը: «Այս իրադարձությունը մեզ շատ մտահոգեց։ Ես ուզում էի այդքան շատ բան ասել Բեռլինալի մասին նրա հոբելյանի տարում, բայց ինձ համար դժվար է այլ բանի մասին մտածել, քան ողբերգության մասին», – հազիվ զսպելով արցունքները բեմից ասել է Բեռլինի գործադիր տնօրեն Մարիետա Ռիսենբեկը:
Արարողության վարող բուլղարացի եւ գերմանացի դերասան Սամուել Ֆինցին հանդես է եկել բուռն եւ քաղաքականապես ուղղված ելույթով, որը հիմնականում վերաբերել է ամբողջ աշխարհում միգրանտների աղետալի վիճակին: Բեմից հնչել են նաև խոսքեր բռնության և ռասիզմի դեմ։ Փառատոնի գեղարվեստական ղեկավար Կառլո Շատրիանը նշեց, որ կինոն պետք է մերձեցնի մարդկանց, և երբ հանդիսատեսը նստած է կինոթատրոններում, ջնջվում են նրանց միջև եղած բոլոր տարբերությունները: Իսկ Գերմանիայի մշակույթի նախարար Մոնիկա Գրյուտերսի ելույթին արարողության հյուրերը հոտնկայս ծափահարեցին մի քանի րոպե: «Մենք պետք է միավորվենք և դիմադրենք։ Մենք երբեք եւ ոչ մի դեպքում չենք ենթարկվի բռնության եւ խտրականության ցանկացած դրսեւորման եւ մտադիր չենք համագործակցել նման ուժերի հետ», – ասել է Գյուտերսը:
Չնայած մռայլ բացմանը՝ Բեռլինալեի երեկոն, այնուամենայնիվ, հաջողվել է ավարտել լավատեսական նոտայով. Ֆիլիպ Ֆալարդոն բեմի վրա ներկայացրել է իր ֆիլմը՝ շրջապատված բոլոր փայլուն դերասանական կազմով։