Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը կազմակերպում է հանդիպում, որի հիմնական թեման լինելու է Բեռլինի կինոշուկայում Հայաստանի մասնակցությունը:
COVID-19 համավարակով պայմանավորված այս տարի Բեռլինի կինոշուկան (EFM) անցկացվելու է առցանց՝ 2021թ. մարտի 1-5-ը։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը ևս ցանկություն ունի միանալու առցանց ձևաչափին։ Ուստի կարևորելով կինոարտադրողների մասնակցությունը Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող Եվրոպական կինոշուկային, Կինոկենտրոնը առաջարկում է 2021 թվականի հունվարի 25-ին, ժամը 15:00-ին միանալ ZOOM հարթակում կազմակերպվելիք հանդիպմանը՝ նոր ձևաչափով կինոշուկային մասնակցելու պայմաններին ծանոթանալու համար։
ZOOM հարթակում հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ: Գրանցվողները կստանան մուտքի գաղտնաբառը էլ. փոստին:
Այս տարի EFM-ն կկենտրոնանա նոր ֆիլմերի շնորհանդեսների վրա: Շուկայի մասնակից նախագծերը հասանելի կլինեն առցանց՝ Բեռլինի կինոփառատոնի ծրագրում ընդգրկված ժապավեններին զուգահեռ: Յուրաքանչյուր ժամային գոտու համար կմշակեն ցուցադրությունների ժամանակացույց, յուրաքանչյուր նկարի դիտումը հնարավոր կլինի սկսել տվյալ ժամանակացույցով սահմանված սեանսի սկսվելուց հետո 120 րոպեի ընթացքում:
Շուկայի շրջանակներում տեղի կունենան բազմաթիվ քննարկումներ և կոնֆերանսնե՝ Berlinale Series Market, DocSalon, EFM Producers Hub, Berlinale Africa Hub, EFM Landmark, EFM Horizon և Initiative Diversity & Inclusion:
Մինչև հունվարի 31-ը EFM-ի գրանցման արժեքը կկազմի 89 եվրո, այնուհետեւ այն կաճի մինչև 134 եվրո: EFM Industry Sessions-ի առանձին միջոցառումներ կանցկացվեն մասնավոր ռեժիմով. դրանց հասանելիության համար կպահանջվի լրացուցիչ գրանցում կամ հրավեր: Առանձին առցանց ֆիլմերի ցուցադրությունների լսարանը կարող է սահմանափակվել ըստ իրավատիրոջ ցանկության: