Այսօր «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցում տեղի ունեցավ «Հայկական կինո․ նյութեր և փաստաթղթեր (1909-1936)» հատորի շնորհանդեսը։ Գիրքը հրատարակվել է «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի կողմից՝ հայ կինոյի 100-ամյակին նվիրված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ, իսկ տպագրիչը Antares Media Holding-ն է։
Գրքի հեղինակը «Ֆիլմադարան» ՀԿ-ի նախագահ, կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանն է։ Շնորհանդեսին ոչ միայն ներկայացվեց գիրքը, այլև «Այրուձի» խումբը հանդես եկավ ստվերների թատրոնի կատարմամբ։ «Հայկական կինո․ նյութեր և փաստաթղթեր (1909-1936)» գիրքը եզակի հատոր է, որտեղ տեղ են գտել հայ կինոյի կայացման վաղ տասնամյակներին վերաբերող բացառիկ արխիվային նյութեր, որոնց մեծ մասը հանրությանը ներկայացվում է առաջին անգամ։ 600 էջանոց այս գրքում ժողովված է շուրջ 375 փաստաթուղթ, 214 լուսանկար և իլյուստրատիվ այլ նյութեր։