Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը հուլիսի 14-ին ցուցադրվեց Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Ցուցադրությունը անցկացվել է «Օլիմպիա» կինոթատրոնում, որտեղ ներկա են եղել ֆիլմի ռեժիսորը և պրոդյուսերը՝ Ջուլի Փարատյանը, Անի Որսկանյանը, Անաբել Նեզրին:
Ֆիլմը ցուցադրվեց որպես 2020թ․ Կաննի միջազգային 73-րդ փառատոնի կողմից ընտրված ֆիլմերի պաշտոնական ցուցակում՝ The First Features (առաջին խաղարկային լիամետրաժ ֆիլմ) անվանակարգում և Կաննի ACID ծրագրում ընդգրկված հայկական ֆիլմ, քանի որ նախորդ տարի COVID-19-ը համավարակով պայմանավորված ցուցադրությունը տեղի չունեցավ։ Ռեժիսորի այս աշխատանքը հետանկախության շրջանի առաջին ֆիլմն է, որը Կաննում ներկայացվել է Հայաստանից։
«Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը պատմում է Ալենի՝ ազգությամբ ֆրանսիացի օդանավակայանների աուդիտորի մասին, որը ժամանում է Արցախի Հանրապետության բոլորովին նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետություններով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե արդյո՞ք վերաբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չի, բայց որն իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով: