Հունվարի 13-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ: Օրակարգում՝ «Վի Էմ Տելեպրոջեքթ» և «Հիբրիդ Փրոդաքշն էնդ Դիստթրիբյուշն» ՍՊ ընկերությունների կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման և ««Էֆ Նեթ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին» հարցի վերաբերյալ:
Իրավաբանական և լիցենզավորման վարչության պետը ներկայացնելով ««Էֆ Նեթ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին» հարցը նշել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 8-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով է մուտքագրվել «Հիբրիդ Սսլյուշնս» ՍՊ ընկերության դիմումը՝ «Էֆ Նեթ» ցանցային օպերատորի կողմից առանց պայմանագրային հիմունքների «Շանթ» տեսալսողական ծրագիրը վերահաղորդելու փաստի վերաբերյալ նշումով:
Հանձնաժողովն հիմք ընդունելով դիմումը ցանցային օպերատոր «Էֆ Նեթ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ:
Վարչական վարույթի ընթացքում պարզվել է, որ ցանցային օպերատորը իրավունք ուներ «Շանթ» տեսալսողական ծրագիրը վերահաղորդել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը։ Սակայն ցանցային օպերատորի կողմից առանց պայմանագրային հիմունքների շարունակվել է Հայաստանի Հանրապետության տարածքում վերահաղորդվել «Շանթ» տեսալսողական ծրագիրը: Նշվածի արդյունքում Հանձնաժողովը «Էֆ Նեթ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել է տույժ` 122.746 ՀՀ դրամի չափով:
Քննարկելով «Վի Էմ Տելեպրոջեքթ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումը «Animal Planet HD», «Discovery Channel HD» և «TLC HD» տեսալսողական ծրագրերի մասով Հանձնաժողովը մերժել է, իսկ մնացած մասով՝ հաստատել։ «Հիբրիդ Փրոդաքշն էնդ Դիստթրիբյուշն» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումը հաստատվել է: