Հունիսի 30-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Աննա Կոստանյանի, Արթուր Մանուկյանի եւ Արման Եղոյանի հեղինակած «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագծի փաթեթը:
Զեկուցող Աննա Կոստանյանը հայտնեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթը Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակվել է: Մասնավորապես, «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագծի հիմնական նպատակն է զարգացնել տեղական եւ համատեղ կինոարտադրությունը, բարենպաստ պայմաններ ստեղծել օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար:
Նախագծին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը հայտնեց, որ Կառավարությունը մտահոգություններ ունի` կապված փաթեթում առկա որոշ դրույթների հետ, որոնք վերաբերում են հարկային արտոնություններին:
Փաթեթի համահեղինակ Մխիթար Հայրապետյանը մտքերի փոխանակության ընթացքում նշեց, որ փաթեթը շուրջ երկու տարի մշակվել է, եւ այն անկասկած կարեւոր նշանակություն է ունենալու ոլորտի զարգացման համար:
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց այն հուլիսի 15-ին: ՀՀ Կինեմատոգրաֆիայի մասին օրենքը հրապարակվեց 2021 թվականի հուլիսի 16-ին: Օրենքի ամբողջական տարբերակի հետ կարող եք ծանոթանալ arlis.am կայքում՝ https://bit.ly/FilmLaw
Փաթեթն ուժի մեջ կմտնի մեկ տարի անց: