Լոնդոնում գրանցված բրիտանական «Kino Klassika» կազմակերպությունը համակարգում է սովետական, ռուսական և անդրկովկասյան ֆիլմերի կինո-սեզոնները։ Համագործակցելով հեղինակավոր Բրիտանական կինոյի ինստիտուտի հետ՝ երաժշտական (մյուզիքլ) ֆիլմերի ցուցադրության մեծամասշտաբ ծրագրի շրջանակներում, 2020 թվականի հունվարի 21-ին՝ Լոնդոնում, «Cine Lumiere» կինոթատրոնում ցուցադրվել է հայկական կինոժառանգության լավագույն նմուշներից մեկը՝ Արման Մանարյանի «Կարինեն» (1969թ․)՝ առաջին հայկական մյուզիքլը։ Այս մասին հայտնում են Հայաստանի Ազգային Կինոկենտրոնից:
«Cine Lumiere » կինոթատրոնը, որը գործում է Ֆրանսիայի ինստիտուտի ենթակայությամբ, հայտնի է ինչպես արտհաուս և անկախ, այնպես էլ համաշխարհային կինեմատոգրաֆի դասական ֆիլմերի ցուցադրություններով:
«Կարինե»-ն 1967 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած ֆիլմ է, որի հանդիսանում է Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» կոմիկական օպերայի էկրանավորում։ Գործողությունները կատարվում են 19-րդ դարում: Պճնամոլ երիտասարդը, դիմելով խարդավանքների ու խորամանկությունների, կարողանում է իրականացնել ընկերոջ պսակադրությունը սիրած աղջկա հետ՝ հակառակ վերջինիս հոր կամքի։
Արման Մանարյանը ծնվել է 1929 թվականին, Թեհրանում, 1946 թվականին հայրենադարձվել է Հայաստան: Սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա Երևանի պետական կոնսերվատորիայում: Այնուհետև ուսումը շարունակել է Համամիութենական կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում (ՎԳԻԿ): 1961 թվականին նկարահանել է «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմը, ապա՝ «Կարինե» (1967 թ.), «Մորգանի խնամին» (1970 թ.), «Հեղնար աղբյուր» (1971 թ.), «Վերադարձ» (1972 թ.), «Սպիտակ ափեր» (1975 թ.), «Եվս հինգ օր» (1978 թ.), «Կապիտան Առաքել» (1985 թ.), «Ընկեր Փանջունի» (1992 թ.) խաղարկային ֆիլմերը: Գրել է մի քանի ֆիլմերի սցենարներ: Արման Մանարյանի հեղինակմամբ ստեղծվել են «Հայելու հեքիաթը» (1984 թ.), «Տգետը» (1995 թ.) անիմացիոն ֆիլմերը, ինչպես նաև «Սասնա ծռեր» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը (2001-2010 թթ.): Արման Մանարյանը նկարահանելով «Կարինեն» ճանապարհ է հարթել ազգային երաժշտական կինոյի համար։