Իսկական փոթորիկ է բռնկվել ամերիկյան կինոարդյունաբերությունում՝ «Տրոլլեր. համաշխարհային տուր» մուլտֆիլմի պատճառով: Ամեն ինչ սկսվել է հանրահայտ Wall Street Journal թերթի նյութից: Դրանում NBC Universal մեդիաընկերության գլխավոր տնօրեն Ջեֆ Շելը հայտարարել է “Տրոլլի. համաշխարհային տուր” մուլտֆիլմի պրեմիումային ձեւաչափով թողարկման վիթխարի հաջողության մասին:
Միայն ԱՄՆ-ում տասնիննը օրվա ընթացքում կատարվել է գրեթե 5 մլն գնում, ինչը 19 դոլարի եւ 99 ցենտի արժեքի դեպքում մոտ 95 մլն դոլար եկամուտ է տալիս: Ասվել է, որ դա այնքան էլ չի զիջում կինոթատրոններում առաջին մասի դրամարկղային հավաքներին նույն ժամանակահատվածում: Ընդ որում, օնլայն կինոստուդիան ստանում է 80% կինովարձույթի 50-60%-ի փոխարեն: Փաստորեն, խոսքը զուտ 77 միլիոն դոլարի հասույթի մասին է, երբ բյուջեն կազմում է 90-ից մինչեւ 100 միլիոն դոլար:
NBC Universal-ի ղեկավարն ասել է, որ արդյունքները զգալիորեն գերազանցել են սպասումները, եւ մուլտֆիլմը անպայման շահավետ նախագիծ կդառնա: Եվ ահա այստեղ հետեւեց իսկական շոկ. Հենց կինոթատրոնները բացվեն, կինոստուդիան մտադիր է ֆիլմերը թողարկել երկու ձեւաչափերով: Դրանից ամեն ինչ սկսվեց:
Գրեթե անմիջապես արտակարգ հայտարարություն է տարածել Կինոթատրոնների սեփականատերերի ազգային ասոցիացիան: Ներկայացնում ենք դրա առանցքային կետերը. «Այս արդյունքը խոսում է հարյուրավոր միլիոնավոր մարդկանց մասին, որոնք արգելափակված են իրենց տներում եւ զվարճանք են փնտրում, բայց ոչ սպառողների նախասիրությունների փոփոխության մասին: Զարմանալի ոչինչ չկա այն բանում, որ տանը ստիպված մնացած մարդիկ կօգտվում են ֆիլմի թողարկումից անմիջապես առցանց՝ հանուն իրենց երեխաների, նույնիսկ գնման բարձր արժեքի դեպքում: Ավելին, Universal-ը մինչեւ վերջ իր նախագիծը առաջ է մղել որպես կինովարձույթային թողարկում: Նման իրավիճակը դժվար թե կրկնվի նորմալ ժամանակ, ընդ որում գովազդային արշավի ծախսերը չեն հրապարակվել: Նույնիսկ եթե Universal Pictures-ը գոհ է մուլտֆիլմի արդյունքներից, նրանք ոչ մի բան չեն նշանակում նոր իրականություն Հոլիվուդի համար:
«Universal»-ը հիմք չունի աննախադեպ միջավայրում ոչ ստանդարտ հանգամանքներն օգտագործել որպես առիթ՝ լիարժեք կինովարձույթային թողարկումներից խուսափելու համար», – ասաց Կինոթատրոնների ազգային ասոցիացիայի նախագահ եւ գլխավոր տնօրեն Ջոն Ֆիտիանը: «Մենք վստահ ենք, որ երբ կինոթատրոնները բացվեն, կինոստուդիաները կշարունակեն եկամուտ ստանալ համաշխարհային կինովարձույթից, իսկ հետո տնային տեսավարձույթի ավանդական թողարկումներից: Սպառողների վարքագիծը վերջին 15 տարիների ընթացքում հստակ ցույց է տալիս տեսաբովանդակության գնումների կայուն անկումը: Հատուկ ֆիլմերի վաճառքն ու վարձույթը 2004-ին 24,9 մլրդ դոլարից նվազել են 62 տոկոսով՝ 2019-ին հասնելով 9,3 մլրդ դոլարի: Morning Consult ընկերության վերջին հարցման համաձայն՝ կինո գնացող ամերիկացիները պատրաստ են 5-ից 8 դոլար վճարել ֆիլմը տանը դիտելու համար: Օպտիմալ արժեքը 6 դոլար է: Սա խոսում է այն մասին, որ նորմալ ժամանակ սպառողները ավելի շատ ուշադրություն են դարձնում գնի վրա: Հետեւելով ավանդական կինովարձույթի մոդելին, կինոստուդիաներն ունեն տան դիտման եկամտի բազմաթիվ աղբյուրներ: Սա թույլ է տալիս դրամայնացնել նույն բովանդակությունը մի քանի անգամ, հանգեցնելով առավելագույն հնարավոր արդյունքի յուրաքանչյուր նոր ֆիլմի համար»:
Շարունակությունը հաջորդել է բառացիորեն մի քանի ժամ անց: Universal Filmed Entertainment Group-ի ղեկավար Դոննա Լենգլիին զայրացած նամակում AMC աշխարհի խոշորագույն կինոցանցի գլխավոր տնօրեն Ադամ Արոնը Ջեֆ Շելի մեկնաբանություններն անընդունելի է անվանել: Մարտին ամերիկյան կինոթատրոնները խիստ հիասթափված էին միանգամից մուլտֆիլմի առցանց թողարկելու կինոստուդիայի որոշումից: Ի վերջո, «Տրոլլերի» շարունակությունը պետք է լիներ երաշխավորված հիթ: Միայն ԱՄՆ-ում ըստ կանխատեսումների դրամարկղային մուտքերը պետք է կազմեին 100-ից մինչեւ 150 մլն դոլար: Սակայն արտակարգ իրավիճակում մի դեպք աղետ չէր դառնա: Երկու ձեւաչափերով նոր իրականության մասին հայտարարությունները բոլորովին այլ բան են:
Ի պատասխան կինովարձույթի պատուհանների փաստացի ամբողջական ոչնչացմանը՝ Ադամ Արոնը հայտարարել է AMC կինոթատրոններում Universal-ի ֆիլմերի ընդհանուր բոյկոտի մասին: Դա վերաբերում է ոչ միայն ԱՄՆ-ի կինոթատրոններին, այլեւ Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներին: Ընդհանուր առմամբ խոսքը հազարավոր հարթակների մասին է: Ընդ որում, նման միջոցներ կձեռնարկվեն ֆիլմերի ցանկացած այլ արտադրողի նկատմամբ, որը միակողմանիորեն կորոշի խախտել գոյություն ունեցող պրակտիկան:
Universal-ի պատասխան հայտարարությունը բավական մշուշոտ ձեւակերպումներ էր պարունակում եւ չէր նպաստում հակամարտության կարգավորմանը: Կինոստուդիան սկզբում հայտարարել է, որ լիովին պահպանում է մեծ էկրանին ֆիլմեր դիտելու հավատը եւ իբր չի պնդում հակառակը: «Մենք պատրաստվում ենք ապագայում ֆիլմեր թողարկել կինոթատրոններում, ինչպես նաեւ պրեմիումային ձեւաչափով»: Մեծ հաշվով նույն բանն է պնդում: Կինոարդյունավերության որոշ մասնակիցներ կարծում են, որ AMC կինոցանցի հայտարարությունները չափազանցված են, սակայն մյուսները նշում են, որ Ջեֆ Շելը նախկինում էլ բազմիցս հանդես է եկել կինովարձույթի պատուհանների սեղմման օգտին: Ներկայիս փակ կինոթատրոնների համար իրավիճակն արդեն ծայրաստիճան ծանր է, երբ նրանք վերսկսեն աշխատանքը, նրանց պետք կգա առավել գրավիչ ապրանք, իսկ կինոստուդիաների նման քայլերը բարդացնում են իրավիճակը:
AMC-ն նաեւ ընդգծել է, որ նման բան է սպասվում ցանկացած ռեժիսորների եւ պրոդյուսերների նախագծերին, որոնք կասկածի տակ կդնեն կինովարձույթային պատուհանների հետ կապված իրադրությունը: Միաժամանակ ցանցը հայտարարել է, որ պատրաստ է շփվել Universal-ի հետ, որպեսզի քննարկի աշխատանքի տարբեր ռազմավարություններ եւ տնտեսական մոդելներ: «Այնուամենայնիվ, նման քննարկումների բացակայության պայմաններում կարող եմ արձանագրել, որ Universal-ի հետ մեր աներեւակայելի հաջող համատեղ գործունեության տասնամյակները, ցավոք, ավարտվեցին», − եզրափակեց Ադամ Արոնը:
Unviersal-ի ներկայացուցիչն ասել է, որ ընկերությունը հիասթափված է AMC-ի գործողություններից եւ Կինոթատրոնների սեփականատերերի ազգային ասոցիացիայի հայտարարություններից: «Մենք միշտ ձգտում ենք, որպեսզի մեր նախագծերը հասանելի լինեն հնարավորինս լայն լսարանին: Մենք նախկինի պես բացարձակապես հավատում ենք կինոթատրոնային վարձույթին եւ ոչ մի հայտարարություն չենք արել հակառակի մասին: Մենք պատրաստ ենք բանակցել վարձույթի մեր գործընկերների հետ, բայց հիասթափված ենք AMC-ի եւ NATO-ի՝ մեր դիրքորոշումը եւ մեր գործողությունները սխալ ներկայացնելու այս համակարգված փորձով»:
AMC-ի աղմկահարոյց հայտարարությունները հնչում են այս ցանցի նախնական սնանկության պայմաններում: Եթե ընկերությանը չհաջողվի խուսափել սնանկության ընթացակարգից, ապա այն կարող է կորցնել ԱՄՆ-ում եւ Կանադայում 634 կինոթատրոն, ինչպես նաեւ ավելի քան 1000 հարթակներ ամբողջ աշխարհում:
Բարձրագոչ հայտարարություններով հանդես է եկել աշխարհի մեծությամբ երկրորդ կինոցանցը՝ Cineworld-ը: Նման պրակտիկան դատապարտող հայտարարությամբ արդեն հանդես են եկել եւ UNIC կինոթատրոնների եվրոպական ասոցիացիան:
Cineworld-ի գլխավոր տնօրեն Մուկի Գրեյդինգերը հայտարարել է, որ իմաստ չի տեսնում աշխատել Universal-ի ապագա թողարկումների հետ, ինչի մասին Comcast-ի նախագահ Բրայան Ռոբերթսին նամակում գրել է դեռ մարտի կեսերին՝ «Տրոլլեր» մուլտֆիլմի VOD-ում թողարկման մասին լուրի հայտնվելուց հետո: Ճիշտ է, տվյալ դեպքում նկատի է առնվել ոչ թե ընկերության նախագծերի ամբողջական փաթեթը բոյկոտելը, այլ միայն այն թողարկումները, որոնք նա մտադիր է թողարկել առանց 90-օրյա կինոթատրոնային պատուհանի պահպանման:
Գրեյդինգերը պատմել է, որ մյուս ստուդիաներն ուղղակիորեն շփվել են Cineworld-ի հետ՝ ժամանակին բացատրելով իրենց դիրքորոշումը ճգնաժամի ընթացքում որոշ թողարկումների համար կինոթատրոնային պատուհանի հարկադիր կրճատման վերաբերյալ եւ հավաստիացնելով, որ վարձույթի վերսկսումից հետո ստեղծված պատուհանների պահպանման իրենց քաղաքականությունը չի փոխվի: «Universal-ը ոչ միայն չի ստանձնել ապագա պատուհանի պարտավորությունները, այլեւ եղել է միակ ստուդիան, որը փորձել է օգտվել ներկայիս ճգնաժամից եւ նախագիծը օնլայն թողարկել նույն ամսաթվով, ինչ վարձույթում», − ասվում է Cineworld-ի ղեկավարի հայտարարության մեջ:
Cineworld-ը ունի ավելի քան 9,5 հազար էկրան աշխարհի տասնմեկ երկրներում: Այս խմբի կինոթատրոններն աշխատում են Regal, Cineworld, Picturehouse, Cinema City և Yes Planet բրենդերի ներքո:
Հոլիվուդում բացահայտ խոսում են պատերազմ սկսելու մասին և դրա արդյունքը մեծ հետեւանքներ կունենա ամբողջ մոլորակի կինոթատրոնների համար: