Հուլիսի 17-ի երեկոյան ամփոփել է համաշխարհային կինոյի խոշորագույն ստուգատեսը՝ 74 Կաննի միջազգային կինոփառատոնը / Festival de Cannes: Փառատոնի գլխավոր մրցանակը՝ Ոսկե արմավենու ճյուղը, ստացել է ֆրանսիացի ռեժիսոր Ջուլիա Դյուկորնոյի «Տիտան» ֆիլմը: Այս բոդի-հորորը մեծ աղմուկ է առաջացրել Կաննի լսարանի շրջանում, սակայն ժյուրին՝ Սփայկ Լիի գլխավորությամբ, չի վախեցել մրցանակը տալ հենց «Տիտանին», որը պայքարել է արմավենու ճյուղի համար հիմնականում մրցույթի այլ 24 ֆիլմերի հետ:
Մինչ պրեմիերան ֆրանս-բելգիական համատեղ արտադրության սյուժեի մանրամասները գաղտնի են պահվել։ Ավելի ուշ պարզվել է, որ գլխավոր հերոսուհին սեքսով է զբաղվում մեքենաների հետ, որոնցից հղիանում է: Բացի այդ, նա մարդասպան է:
Մրցանակները մրցանակակիրներին հանձնել են կինեմատոգրաֆի աստղերը, այդ թվում՝ Շերոն Սթոունը, Ռոզամունդ Պայկը, Անդրեա Առնոլդը, Պաոլո Սորենտինոն: Իսկ հաղթողներին ներկայացրել են ժյուրիի անդամները՝ Մաթի Դիոպը, Միլեն Ֆարմերը, Մեգգի Ջիլենհոլը, Ջեսիկա Հաուսները, Մելանի Լորանը, Կլեբեր Մենդոնսա Ֆիլոն, Թահար Ռահիմը և Սոն կան Հոն: Փառատոնի գլխավոր մրցանակակրին հայտարարել է ժյուրիի նախագահ ռեժիսոր Սփայկ Լին, նախքան Շերոն Սթոունը հասցրեց բարձրանալ բեմ՝ Ոսկե արմավենու ճյուղով ձեռքին:
Բուռն ծափահարությունները շարունակվել են մի քանի րոպե, որի ընթացքում երեկոյի գլխավոր հերոսուհին՝ Ջուլիա Դյուկորնոն, փորձել է ուշքի գալ։ Արդյունքում ֆրանսուհին այնքան է հուզվել, որ խոսել է ոչ թե մայրենի լեզվով, այլ անգլերենով, ապա ներողություն է խնդրել ու անցել ֆրանսերենին։
Նա դարձել է փառատոնի պատմության մեջ երկրորդ կինը, որը բարձրագույն պարգև է ստացել իր ֆիլմի համար: 1993 թվականին այդ պատվին արժանացել է Ջեյն Քեմփիոնը՝ «Դաշնամուր» դրամայի համար:
Հիմնական մրցույթի երկրորդ մրցանակը` Գրան պրին, բաժանվել է երկու ֆիլմերի՝ իրանական ռեժիսոր Ասգար Ֆարհադիի «Հերոս» և Յուխո Կուոսմանենի «Կուպե համար վեց» միջև: Վերջինս նկարահանվել է Ռուսաստանի հետ համատեղ ռուսերեն լեզվով:
Լեոս Կարակսի առաջին անգլալեզու «Անետ» ֆիլմը արժանացել է մրցանակի լավագույն ռեժիսորական աշխատանքի համար: Բեմադրիչն ինքը չի կարողացել ներկա գտնվել արարողությանը:
Լավագույն սցենար անվանակարգի գլխավոր դափնեկիրը ճապոնացի ռեժիսոր Ռյուսուկե Համագուչին է՝ «Նստիր մեքենայիս ղեկին» ֆիլմի համար: Ֆիլմը ստացել է նաև ՖԻՊՐԵՍԻԻ մրցանակ և Էկումենիկ ժյուրիի մրցանակ:
Տղամարդու լավագույն դեր անվանակարգի հաղթողը ամերիկացի Քալեբ Լենդրի Ջոնսն է՝ «Նիտրամ» ֆիլմում խաղացած դերի համար: Ֆիլմը նվիրված է 1996 թվականի ողբերգությանը Պորտ-Արթուր քաղաքում: Նորվեգացի դերասանուհի Ռենատե Ռեյնսվեն կանացի լավագույն դեր անվանակարգի դափնեկիրն է՝ «Աշխարհի ամենանիհար մարդը» ֆիլմում խաղացած դերի համար:
Այս տարվա փառատոնի ընթացքում հուլիսի 14-ին ցուցադրվեց ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը: Ֆիլմը ցուցադրվեց որպես 2020թ․ Կաննի միջազգային 73-րդ փառատոնի կողմից ընտրված ֆիլմերի պաշտոնական ցուցակում՝ The First Features (առաջին խաղարկային լիամետրաժ ֆիլմ) անվանակարգում և Կաննի ACID ծրագրում ընդգրկված հայկական ֆիլմ, քանի որ նախորդ տարի COVID-19-ը համավարակով պայմանավորված ցուցադրությունը տեղի չունեցավ։ Ցուցադրությանը ներկա են եղել ֆիլմի ռեժիսորը և պրոդյուսերը՝ Ջուլի Փարատյանը, Անի Որսկանյանը, Անաբել Նեզրին:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին կայացած հանդիսավոր արարողությանը ամերիկացի դերասանուհի Ջոդի Ֆոսթերին շնորհվեց փառատոնի պատավավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենու ճյուղը»: Իսկ փակման արարողության ժամանակ կինոռեժիսոր Մարկո Բելլոկիոն ստացել է պատվավոր մրցանակը՝ Պաոլո Սորենտինոյի ձեռամբ։