ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում այսօր անդրադարձել է կինոյի ոլորտում իրականացված աշխատանքներին:
Տարվա ընթացքում առանձնակի ուշադրության կենտրոնում է եղել կինոոլորտի զարգացումը։ Փոփոխություն է կատարվել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում, որի արդյունքում ներդրվել է ներդրումների մասնակի վերադարձի (cash rebate) համակարգը։ Ընդունվել է «Կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը»։
Ընթացքում են Ազգային մարմնի՝ «Կինոհիմնադրամի ստեղծման մասին», «Համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը հաստատելու մասին», «Վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, Ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը հաստատելու մասին», «Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը։
Դանիել Դանիելյանի նշմամբ՝ առկա են կարևոր ձեռքբերումներ կինոյի ոլորտում. ««Ամերիկացի» ֆիլմը հայտնվել է «Օսկարի» շորթ-լիստում: Պետք է նշեմ, որ կինոյի ասպարեզում միջազգային փառատոների մասնակցությունն այս տարի ավելացել է 74 տոկոսով: Այսինքն՝ գրեթե կրկնապատկել ենք մեր մասնակցությունը նմանատիպ միջոցառումներին: Ունենք 10 ֆիլմ, որոնք Հայաստանին 28 մրցանակ են բերել: Կինոյի ոլորտում իրականացվել են օրենսդրական բարեփոխումներ, որոնք շահավետ պայմաններ են ստեղծում ներդրողների և համատեղ ֆիլմարտադրողների համար: Ամենակարևորն այն է, որ այդ օրենքը դառնում է հուսալի մեր գործընկերների համար»:
Շարունակել է ակտիվորեն զարգանալ և ընդլայնվել միջազգային մշակութային համագործակցությունը։ Լայն աշխարհագրությամբ իրականացվել է Հայ Կինոյի 100-ամյակին նվիրված ծրագիրը: Հայ կինոյի 100-ամյակը ներառված էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական տարեթվերի ցանկում։
Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում կայացել են ավելի քան 17 միջոցառում, այդ թվում՝ կինոփառատոներ Հայաստանում՝ «Ոսկե ծիրան», «ՄԷԿ ԿԱԴՐ», «Ծիրանի ծառ», «ՌեԱնիմանիա» «Ռոլան», Միջազգային կինոփառատոներ և կինոշուկաներ՝ Ֆրանսիա (Կանն, Անսի), Շվեյցարիա (Ժնև), Իտալիա, Կանադա, Իսպանիա, Մոնտենեգրո, Իրան, Վրաստան և այլ՝ Հայկական կինոյի օրեր ծրագրով: Կայացել են ցուցադրություններ Փարիզի Սինեմատեքում, Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, հոբելյանական երեկո, Դանիել Դզնունու, Լև Ատամանովի, Վալենտին Պոդպոմոգովի աստղերի բացում, հրատարակչական նախագծեր։ Հոբելյանկան միջոցառումների շարքում առանձնակի տեղ էին զբաղեցնում մարզային և կրթական ծրագրերը. «Հայկական կինոդար»՝ Հայաստանի 10 մարզերում ցուցադրվել է շուրջ 100 հայկական ֆիլմ, իրականացվել են նաև «Կինոդպրոց Դեբետ համայնքում», «Մարդը բարձրագույն արժեք է» ծրագրերը։
2023 թ․ մյուս կարևոր հոբելյանական միջոցառումներից էին՝ «Հայկական անիմացիա 85» և «Արտավազդ Փելեշյան 85» ծրագրերը։