Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է հանել «Արվեստի և սպայական կրթության մասնագիտացված ծրագրեր իրականացնող ավագ դպրոցների հայեցակարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որտեղ ուրվագծվում է Ակադեմիական քաղաքի Արվեստների կլաստերի գործունեությունը:
Անհատի կրթության և սովորելու իրավունքի լիարժեք իրացման համար կրթության զարգացման ծրագրում կարևորվում է կյանքի տարբեր փուլերում մարդուն անհրաժեշտ որակյալ կրթական ծառայությունների ամբողջական և բազմազան փաթեթի մատուցումը և հասանելիությունը՝ տարածքային խելամիտ և համաչափ զարգացում ու կյանքի որակի էական բարձրացում ապահովելու նպատակով: Արվեստի և սպայական կրթության մասնագիտացված ծրագրեր իրականացնող ավագ դպրոցների ստեղծմամբ հնարավոր կլինի ապահովել որակյալ մասնագիտացված կրթություն՝ համապատասխան ոլորտի տարբեր ուղղություններով։
Արվեստի և սպայական կրթության ծրագրեր իրականացնող ավագ դպրոցների ստղծմամբ հնարավորություն կընձեռվի սովորողներին մատուցել որակյալ կրթություն արդիական կրթական ծրագրերով, նորակառույց ենթակառուցվածքներով, ոլորտի գերժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած շենքային պայմաններում:
Սույն գործողությունը անմիջականորեն կապված է «Ակադեմիական քաղաք» ծրագրի այն սկզբունքների հետ, որ քաղաքը բաղկացած է լինելու չորս ակադեմիական կլաստերներից, որոնք կազմավորվելու են համապատասխան չորս խոշորացված համալսարանների և դրանց միավորված գիտահետազոտական մի շարք կազմակերպությունների հենքի վրա՝
1) Տեխնոլոգիական կլաստեր.
2) Արվեստների կլաստեր.
3) Կրթական կլաստեր.
4) Սպայական կլաստեր:
Արվեստների կլաստերում կգործի արվեստի ավագ դպրոցը, որտեղ սովորողին կմատուցվի արվեստների խորացված ուղղվածությամբ կրթական ծրագիր, ինչպես նաև սովորողին հասանելի կլինեն կլաստերի բոլոր ենթակառուցվածքները։
Արվեստի տարբեր ուղղությունների (թատրոն, կինո, գեղավեստական ստեղծագործություն, երաժշտություն, երգ, պար, կերպարվեստ, կիրառական արվեստ այլն) մասնագիտացված ավագ դպրոցի (10-12-րդ դասարաններ) ստեղծումը նպատակաուղղված է սովորողների շարունակական գեղարվեստական զարգացումն ապահովելուն՝ լիարժեք և հարստացնող կրթական փորձ ձևավորելու միջոցով։
Արվեստի մասնագիտացված ավագ դպրոցի գործունեության ուղղությունները կարող են լինել բազմազան և դինամիկ՝ արտացոլելով կրթության, տեխնոլոգիաների և հասարակական արժեքների փոփոխությունները և դասակարգվել հետևյալ կերպ՝ 1) թատրոն և կինո, 2) գրական ստեղծագործություն, 3) կերպարվեստ (կերպարվեստ և կիրառական արվեստ), 3) երաժշտություն (դաշնամուրային, լարային, փողային, հարվածային գործիքներ, վոկալ՝ դասական, ազգային և ջազ-փոփ, 4) պար (դասական, ժողովրդական, մոդեռն)։
1) Թատերական արվեստի և կինոարվեստի, գրական ստեղծագործություն ուղղությունների համար կարող է իրականացնել հետևյալ ծրագրերի ուսուցումը՝ դերասանի վարպետություն, ռեժիսուրա, բեմական շարժում և պար, մշակութաբանություն, թատրոնի պատմություն, կինոյի պատմություն, կինոարվեստի հիմունքներ և հմտություններ (տեսություն, ժանրեր, լուսանկարչություն, դերասանի վարպետություն, կինոռեժիսուրա, օպերատորություն, մոնտաժ, անիմացիա), կինոն և ավանդական արվեստները (թատրոն, երաժշտություն, գրականություն), սցենարական վարպետության հիմունքներ, հաղորդակցման հմտություններ, կառավարման հմտություններ, գրական վարպետություն (գրական-ստեղծագործական աշխատանքի յուրահատկությունները), գրականությունը թատրոնում և կինոյում և այլն։
Հանրակրթական հիմնական ծրագրերին զուգահեռ վերոնշյալ ուղղությունների համար նախատեսված ծրագրերում կարող են ներառվել.
Կատարողական արվեստ:
1) Երաժշտություն.
2) Գործիքային և վոկալի ուսուցում, երաժշտության տեսություն և անսամբլային կատարումներ:
3) Պար. Տարբեր պարային ոճերի, խորեոգրաֆիայի և պարային ներկայացումների ուսուցում:
4) Դրամա և թատերական արվեստ. Դերասանական դասընթացներ, բեմանկար-չություն, սցենարիստական և թատերական բեմադրություններ:
5) Կինո և մեդիա արվեստ. կինոարտադրություն, կինոարվեստ, ֆիլմերի մոնտաժ և մեդիա արտադրություն:
Թատերական արվեստ:
1) Դերասանություն. Դերասանական դասընթացներ, կերպարների մշակում և բեմական ներկայացումներ:
2) Բեմական և տեխնիկական թատրոն.
3) Դրամատիկական գրական գործեր. սցենարներ թատրոնի, կինոյի և հեռուստատեսության համար:
4) Թատերական արտադրություն. Թատերական բեմադրություններ ստեղծելու և բեմադրելու գործնական փորձ:
Նախագծի քննարկումը ընթանալու է մինչև փետրվարի 4-ը: