ԿինոՊրեսը շարունակում է «Կինոարվեստը և Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իշխանությունների քաղաքականությունը 1945-1956 թթ.» հոդվածների շարքը, որոնցով հանդես է եկել Հայաստանի Ազգային Արխիվը ներկայացնելով դրանք «Բանբեր Հայաստանի արխիվներից» գիտահանրամատչելի հանդեսի ներգո: Ներկայացնում ենք վերջին մասը: Գուցե մեր անցյալը օգնի հասկանալ ներկան և գտնել խնդիրների լուծման ճանապարհը:
- «Կինոարվեստը և Խորհրդային Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը 1945-1956 թթ.: Մաս 1» կարդացեք այստեղ:
- «Կինոարվեստը և Խորհրդային Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը 1945-1956 թթ.: Մաս 2» կարդացեք այստեղ:
«Կինոարվեստը և Խորհրդային Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը 1945-1956 թթ.: Մաս 3» կարդացեք այստեղ:
«Հետպատերազմյան ժամանակաշրջանում խիստ հրատապ անհրաժեշտություն էր մնում Երևանի կինոստուդիայի համար նոր շենքի կառուցումը, քանզի նախկինը վաղուց արդեն չէր բավարարում անգամ նվազագույն պահանջներին: Թեպետ այս մասին ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի նախարարությունը դեռ 1950թ. համապատասխան որոշում էր ընդունել, սակայն հարցի լուծումը ձգձգվում էր: Թե այս և թե կինոստուդիայի տեխնիկական վերազինման հարցով ՀԽՍՀ կինոմատոգրաֆիայի նախարար Ա.Շահինյանը հանգամանալից և փաստարկված զեկուցագրով 1951թ. ապրիլի 4-ին դիմեց ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիայի նախարար Ի.Բոլշակովին, ՀԽՍՀ Նախարարների Խորհրդի նախագահ Ս.Կարապետյանին և ՀԿ(բ)Կ Կենտկոմի քարտուղար Զ.Գրիգորյանին:
Անգամ այնպիսի մակերեսային թվացող հարց, ինչպիսին կինոթատրոնների անվանումներն էին, կրկին լուծվում էին միայն կուսակցական վերադասի թույլտվությամբ: Այսպես, 1950թ. նոյեմբերի 24-ին Կինեմատոգրաֆիայի նախարար Ա.Շահինյանը դիմեց ՀԿ(բ)Կ Կենտկոմին խնդրելով թույլատրել Երևանի կինոթատրոնների անվանափոխություններ կատարել: Ավելին, ՀԿ(բ)Կ Կենտկոմ էր ուղարկվում նույնիսկ կինոթատրոններում ցուցադրված ֆիլմերի ցանկերը, օրինակ՝ Լենինականի:
Անշուշտ, մշակույթի ընդհանուր զարգացման նկատմամբ իշխանությունների համալիր հոգատարությունը պայմանավորված էր նաև մշակութային օջախների ու հաստատությունների շենքային պայմանների բարելավմամբ: Հետպատերազմյան շրջանում նկատի ունենալով ֆինանսա-տնտեսական հնարավորությունների անհամեմատ աճն իրական պայմաններ ստեղծեց հարցի արմատական լուծման համար: Արդեն 1954թ. մարտի 25-ին հարցի վերաբերյալ Կուլտուրայի նախարար Ա.Շահինյանը հանգամանալից զեկուցագիր հղեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ա. Թովամսյանին:
Այդտեղ նա ծայրահեղ անհրաժեշտություն էր համարում ներքոհիշյալ օբյեկտների շինարարությունը՝ յուրաքանչյուրի հիմնավորմամբ: Երևանի կինոստուդիան գտնվում էր քաղաքի կենտրոնում՝ Տերյան փողոցում և նրա տեխնիկական պայմանները միանգամայն հեռու էին բավարար լինելուց: ԽՍՀՄ Կուլտուրայի նախարարությունը կողմ էր նոր կինոստուդիայի շինարարությանը, սակայն անհրաժեշտ էր համարվում ՀԽՍՀ ղեկավարության անմիջական դիմումը մոսկովյան վերադասին:
Ընդառաջելով այս ամենին Ա.Թովմասյանը 1954թ. ապրիլին հարցի լուծման խնդրանքով դիմեց ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Պ.Պոսպելովին Երևանի կինոստուդիայի համար նոր տիպական շենք կառուցելու համար:
Խորհրդային կինոարվեստում տիրող լուրջ բացթողումների վերլուծումն ու քննադատումը կատարվեց ԽՄԿԿ Կենտկոմին 1955թ. մայիսի 20-ին ԽԱՀՄ Կուլտուրայի նախարար Ն. Միխայլովի զեկուցագրում: Այդտեղ ռեժիսորները հատկապես մեղադրվում էին խորհրդային ժամանակակից թեմայով ֆիլմեր նկարահանել չցանկանալու մեջ:
1956թ. ապրիլի 15-ին Կուլտուրայի նախարարության կոլեգիան հաստատեց ԽՄԿԿ 20-րդ համագումարի որոշումների կենսագործմանը միտված միջոցառումների ծրագիր: Մշակույթի ղեկավարմանը կոչված բոլոր գերատեսչություններին հանձնարարվեց իրենց աշխատանքի հիմքում դնել համագումարի որոշումները, կազմակերպել դրանց ուսումնասիրությունը, վերանայել աշխատանքային բոլոր պլանները: Կինոֆիկացիայի ասպարեզում առաջնահերթ խնդիր համարվեց գյուղական կինոցանցի բարելավման գործի պատասխանատվության բարձրացումը, օպերատիվ ղեկավարության և շրջանների հետ կապի ուժեղացումը, կինոնկարների գովազդման արմատական բարելավումը, գյուղկինոմեխանիկների որակի բարձրացմանը առավելագույն ուշադրության դարձնումը՝ «լավագույն» կոմերիտական-կոմերիտուհիների ընդգրկմամբ:
Կարևոր նշանակություն պետք է ունենար տարեկան առնվազն երեք գեղարվեստական լիամետրաժ կինոնկարների թողարկումը, իսկ քաղաքական տեսանկյունից՝ կինոակնարկներում համագումարի որոշումների պարբերաբար քարոզչությունը և տնտեսության ու մշակույթի ասպարեզներում դրանց կենսագործման ցուցադրությունը:»