Օգոստոսի 18-ին հրապարակվել է պարետի նոր որոշումը արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների և կանոնների վերաբերյալ։
Ըստ հրապարակված փաստաթղթի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների ժամանակավոր սահմանափակումների ցանկում ընդգրվել է «Կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի արտադրություն» J 59.1 կոդի տակ գործող տնտեսվարողների գործունեությունը:
- 59.11 – Կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի արտադրություն
- 59.12 – Կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի հետարտադրական գործունեություն
- 59.13 – Կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի տարածում՝ բացառապես «կինո- և տեսաժապավենների, ԴՎԴների (DVD) և համանման արտադրանքի տարածում և բաշխում հեռուստակայանների միջև և կինո- և տեսաֆիլմերի տարածման իրավունքի վաճառք և ձեռքբերում» մասով
- 59.14. – Կինոֆիլմերի ցուցադրում (թույլատրվում է բացառապես բացօթյա տարածքներում)
Հայաստանում այսօր գործում է 10 կինոթատրոն՝ Երևանում, Գյումրիում, Կապանում, Քաջարանում: Կորոնավիրուսի հետևանքով կինոցուցադրության ոլորտը ահռելի կորուստներ է կրում: «Նաիրի» կինոթատրոնի վերջին գրառումով դիմել է պարետ Տիգրան Ավինյանին կոչ անելով թույլատրել կինոթատրոնների գործունեությունը:
Վերջերս ՀՀ կառավարությունն ընդունել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը, որի շահառու են հանդիսանում նաև կինոթատրոնների աշխատակիցները:
Հիշեցնենք, որ հայկական կինոթատրոնները ինքնակամ փակվեցին մարտին՝ արտակարգ դրության հայտարարումից մի քանի օր առաջ: Առաջինը փակվեցին «Հայաստան» կինոթատրոնը, որը գործում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և «Նաիրի» կինոթատրոնը, որը գործում է Կենտրոն վարչական շրջանում: