Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարության 11.09.2020թ. N 1514-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանվել է կարանտին՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ի ժամը 17.00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:
Սույն որոշման 3-րդ գլխին համաձայն, կինոթատրոնների գործունեությունը թույլատրվում է միայն հետևյալ սահմանափակումներով՝
«անձանց սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարարմանն ուղղված այլ միջոցառումները (այդ թվում՝ համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, կրթական այլ միջոցառումներ), եթե վերջիններս չեն հանդիսանում տնտեսական գործունեության տեսակ, 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ»:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը իր ֆեյբուքյան էջում սեպտեմբերի 11-ին շնորհավորեց գործընկերներին և նշեց որ «շուտով կհրապարակվեն առողջապահության նախարարության սահմանած նորմերը»:
Կինոցուցադրություն իրականացնող կազմակերպությունների գործունեության վերսկսման հստակ ամսաթիվ չի նշվում: Սեպտեմբերի 15-ից որոշ կինոթատրոնները վերսկսում են իրենց աշխատանքը: Ֆիլմացանկում ընդգրկվելու են Քրիսթոֆեր Նոլանի «Փաստարկը», բազմաչարչար «Նոր մուտանտները», Դիսնեյի «Մուլանը» և այլ կինոնկարներ: Առայժմ կինոթատրոնների կայքերը չեն գործում:
Հիշեցնենք, որ հայկական կինոթատրոնները ինքնակամ փակվեցին մարտին՝ արտակարգ դրության հայտարարումից մի քանի օր առաջ: Առաջինը փակվեցին «Հայաստան» կինոթատրոնը, որը գործում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և «Նաիրի» կինոթատրոնը, որը գործում է Կենտրոն վարչական շրջանում:
Մոտ մեկ ամիս առաջ «Նաիրի» կինոթատրոնը ֆեյսբուքում ակտիվորեն գովազդում էր իր դիմումը, որը ուղղված էր պարետ Տիգրան Ավինյանին, որով կոչ էր անում թույլատրել կինոթատրոնների գործունեությունը: