Աշխարհում մոլեգնող համավարակը նոր մարտահրավերներին զուգահեռ նոր աշխատանքային կանոններ ու մոտեցումներ է թելադրում։ Այս իրավիճակը փոքրիշատե մեղմելու նպատակով Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի հանրային հեռուստաընկերության պատասխանատուները միավորվել են և միասնական ուժերով փորձելու են աջակցել «ՕՐԴԵՐ» արտադրող ընկերության նախագծին՝ ռեժիսոր Հայկ Օրդյանի, «Զուլալի» ֆիլմն ավարտին հասցնելու համար։ Այս մասին տեղեկացնում է Կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջը:
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը համոզված է, որ երկու պետական կառույցների միջև նման համագործակցության այս փորձը ունենալու է դրական արդյունք։ Ավելին, նա գտնում է, որ այն պետք է դառնա շարունակական՝ ներառելով նաև այլ նախագծեր, որոնք գրավիչ կդառնան արտերկրի ներդրողների համար։
Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը փաստեց, որ համագործակցության գաղափարը Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավարինն է ամբողջապես, քանի որ նրա ուղարկած նամակ-առաջարկից հետո են սկսվել բանակցությունները։ Նա հավելեց նաև, որ իրենք մեծ պատասխանատվությամբ են ստանձնել այս համագործակցությունը, քանզի գիտակցում են, որ այսօր Հայաստանի յուրաքանչյուր աջակցություն պետք է նպատակային լինի։
«Հանրայինի աջակցությունը ոչ միայն գեղարվեստական արտադրանք ունենալն է, այլ COVID-19-ը համավարակի տնտեսական հետևանքները վերացնելը։ Այս պարագայում աջակցել ֆիլմի ավարտմանը» – ասել է Շիրինյանը։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությունը ֆիլմին կազմում է 40 մլն դրամ, իսկ Հանրային հեռուստաընկերությանը՝ 20 մլն։ Բացի այդ, Հանրային հեռուստաընկերությունը ստանձնել է ֆիլմի տեղեկատվական և առաջխաղացման (PR)՝ աշախատանքները:
«Զուլալին» Նարինե Աբգարյանի համանուն վեպի էկրանավորումն է: Ֆիլմի թողարկումը նախատեսված էր 2020 թվականի գարնանը:
Կորանավիրուսի համաճարակի բռնկումից հետո, 2020 թվականի մարտից Հայաստանում դադարեցվեցին բոլոր տեսակի շփումները, այդ թվում՝ կանգնեց նաև ֆիլմերի արտադրությունը (նկարահանումներ, հետարտադրություն և այլն)։ Հետևաբար, բոլոր այն կինոնախագծերը, որոնք արդեն ունեին պայմանավորվածություններ նկարահանումների համար՝ կանգնեցվեցին։