Նոր տարվա երրորդ կինովարձույթային շաբաթը մխիթարական տեսք ունի, քանի որ այս շաբաթվա նոր ֆիլմերի ցանկում հայտնվել է Pixar ստուդիայի երկար սպասված «Հոգի» անիմացիոն ժապավենը: Այժմ մենք կպատմենք այս շաբաթվա նորույթների մասին:
«Հոգին» Pixar-ի նոր մուլտֆիլմ է, որը շարունակում է ներթափանցել մարդկային ենթագիտակցության խորքերը: Եթե «Գլուխկոտրուկի» գլխավոր հերոսները դեռահաս աղջկա հույզերն էին, ապա «Հոգում», ինչպես դժվար չէ կռահել ըստ անվանման, խոսքը միջին տարիքի տղամարդու, անհաջող ջազմենի անմարմին ոգու մասին է, որը մահանում է հենց այն օրը, երբ նրա կարիերան վերջապես պետք է վեր բարձրանա: Ռեժիսոր Փիթ Դոքթերը չի վախենում խոսել մուլտֆիլմի լսարանի հետ իսկապես բարդ թեմաներով ինչպիսին է մահը և էքզիստենցիալ ճգնաժամը՝ երբ մարդը չի կարողանում հասկանալ, թե ինչու է ապրում: Եթե հանկարծ կասկածում եք, Pixar-ը ևս մեկ գլուխգործոց է ստեղծել, որը կստիպի ձեզ սրբել ձեր արցունքները:
Չնայած այն հանգամանքին, որ շատ երկրներում Disney+ սթրիմինգային ծառայությունում «Հոգին» դուրս է եկել դեռևս դեկտեմբերի 25-ին, այնուամենայնիվ, ֆիլմը ստացել է միջազգային կինոթատրոնային վարձույթ և հայկական էկրաններին կհայտնվի հունվարի 21-ին:
Այս հինգշաբթի հայկական էկրաններին կարելի է տեսնել Քերի Մալիգանին Կասանդրայի դերում «Խոստումնալից աղջիկը» ֆիլմում:
Սա այս տարվա ամենահակասական ֆիլմերից մեկն է: Մեկի համար գլուխգործոց, իսկ մյուսի համար գերագնահատված գռեհկություն: «Խոստումնալից աղջիկը» կատակերգական թրիլեր է մի ժամանակ հաջողակ ուսանողուհու մասին, որը մեկ ողբերգական իրադարձության պատճառով դուրս է գալիս վրեժի և պատերազմի ուղու վրա: Ամեն շաբաթ նա գնում է բարեր և ձևանում է խմած: Այդ վիճակից փորձում են օգտվել արական սեռի ներկայացուցիչները. հերոսուհին սպասում է հարմար պահի, որից հետո վրեժ է լուծում բռնաբարության փորձի համար:
Անշուշտ Քերի Մալիգանի լավագույն դերերից մեկը՝ «Սպանելով Եվային» ժամանակակից ֆեմ-դասականի սցենարիստուհու՝ Էմիրալդ Ֆենելի ռեժիսորական դեբյուտում:
Այս շաբաթվա վերջին նորույթը՝ «Թռչունը վանդակում. Վարակ» թրիլերն է Քեյ Ջեյ Ապայի մասնակցությամբ, ով շատերին ծանոթ է «Ռիվերդեյլ» սերիալով:
Պանդեմիայի ներկայիս իրավիճակը հետապոկալիպտիկ ֆիլմի սյուժեի վերածելու փորձը ժամանակի հարց էր: Առաջնեկի պատվավոր կոչումը բաժին է հասել 2020 թվականի ամռանը նկարահանված «Թռչունը վանդակում. Վարակ» թրիլերին: Ըստ ֆիլմի սյուժեի՝ 2024-ին աշխարհը դեռ տառապում է COVID-23 վտանգավոր վիրուսից, իսկ բնակչությունն ապրում է կարանտինային գոտիներում: Իմունիտետով մարդիկ բարձր են գնահատվում. նրանք դառնում են սուրհանդակներ, որոնք հանգիստ կարող են տեղաշարժվել երկրով: Նման սուրհանդակներից մեկը պետք է փրկի իր հիվանդացած ընկերուհուն, որին որոնում են զինվորականները: Հատկանշական է, որ, չնայած աստղային դերասանական կազմին, ամերիկացի հանդիսատեսն ու քննադատները ջախջախել են ֆիլմը՝ համաշխարհային իրադրության վրա փող վաստակելու փորձի համար: Հետաքրքիր է, թե ինչ անհարգալից բան են նկարահանել Մայքլ Բեյի հսկողության ներքո:
Այս բոլոր նկարները հայկական կինոթատրոններում հնարավոր կլինի տեսնել հունվարի 21-ից: