Կինոքննադատության այսօրվա նկարագրին ու խնդիրներին էր նվիրված՝ Gaiff Pro ծրագրի ղեկավար, պրոդյուսեր Մելիք Կարապետյանի նախաձեռնած «Հայկական ֆիլմ ֆորում» երկօրյա հանդիպումների առաջին քննարկումը, որին մասնակցում էին կինոքննադատներ, կինոգետներ, կինոլրագրողներ և իրենց գործունեությամբ ոլորտի հետ մեծապես առնչվող անհատներ։ Քանի որ հանդիպման ձևաչափը քննարկում-հարցուպատասխան էր, հանդիսատեսը կարծիք հայտնելու և բանախոսներին հարցեր ուղղելու հնարավորություն ունեցավ։ Բանախոսներն էին կինոքննադատ Նունե Հախվերդյանը, կինոգետ Արտավազդ Եղիազարյանը, կինոլրագրող Դիանա Մարտիրոսյանը։ Հանդիպման վարողը կինոգետ Րաֆֆի Մովսիսյանն էր։
Նախ նշենք, որ «Հայկական ֆիլմ ֆորումի» շրջանակում օրերս ցուցադրվել է 2018 թվականին նկարահանված 12 հայկական ֆիլմ։ Պարզվեց՝ բանախոսներն այդ ֆիլմերի մեծ մասը չեն տեսել։ Նունե Հախվերդյանը բացատրեց՝ ինչու, օրինակ, ինքն այդ ֆիլմերը չի տեսել։ «Կինոն պետք է կյանքի մասին խոսակցություն բաց անի, պետք է ես ինձ, դու քեզ տեսնես այդ ֆիլմերում։ Իսկ դրանցից շատերը մեր կյանքից չեն, մեզնից չեն, մտացածին են։ Ինչո՞ւ «Կյանք ու կռիվը» մեծ ուշադրության արժանացավ, որովհետև մեր կյանքի մասին էր։ Անկեղծորեն ասեք՝ վերջին տարիներին նկարահանված հայկական ո՞ր ֆիլմն է հանրության շրջանում խոսակցության, քննարկման առիթ տվել… դրա համար էլ այդ ֆիլմերն ինձ չեն հետաքրքրում»,- պարզաբանեց Նունե Հախվերդյանը։
Հանդիպմանը ներկա հանդիսատեսի շրջանում պարզ հարց առաջացավ՝ եթե կինոքննադատին, կինոգետին մերօրյա հայկական ֆիլմերը չեն հետաքրքրում, հանրությանը կհետաքրքրե՞ն դրանք, կամ եթե այդ ֆիլմերի մասին պրոֆեսիոնալ կարծիք, վերլուծություն գրողներ չկան, կինոդիտողն ինչպե՞ս ուղղորդվի՝ դրանք լա՞վ ֆիլմեր են, թե վատ։ Այստեղ էլ բեմ-դահլիճ հարաբերության կարծիքներն ու տեսակետերը չհամընկան։ «Իսկ ո՞վ ասաց, որ այսօր ինչ-որ մեկը հիմնվում է կինոգետի կամ կինոքննադատի պրոֆեսիոնալ կարծիքի վրա։ Կինոգետը կամ կինոննադատը երբեք չի ուղղորդում։ Այդ կարծիքի վրա բոլորը թքած ունեն։ Եթե վատ ֆիլմը քննադատվում, ոչնչացվում է, միևնույն է, այն էկրաններից հեռացվո՞ւմ է. իհարկե, ո՛չ։ Կինոքննադատությունը չի նպաստում կինոարտադրությանը. կինքննադատությունը դրան զուգահեռ է ընթանում։ Հետաքննությունից մինչև քննադատություն՝ մեր իրականության մեջ ոչինչ չի փոխում»,- Նունե Հախվերդյանի կարծիքն է։
Այն, որ կինոքննադատ-կինոդիտող-ռեժիսոր կապը գոյություն չունի, անհերքելի է։ Ո՞ր մի ռեժիսորն է հիմնվում կինոքննադատի պրոֆեսիոնալ վերլուծության վրա ու հաջորդ ֆիլմի համար իր սխալներն ականջին օղ անում։ Սովետի օրոք կար նման իրողություն. կինոքննադատն ի զորու էր ֆիլմը ոչնչացնել կամ երկինք հանել, թատերագետը՝ ներկայացումը, երաժշտագետը՝ սիմֆոնիան։ Արդեն 30 տարի ռեժիսորներն իրենք իրենց համար են ֆիլմ նկարում, մեկ-երկու անգամ ցուցադրվի կամ ոչ՝ խնդիր չէ։ Առավել ևս խնդիր չէ, եթե այն ընդհանրապես դուր չգա հանդիսատեսին։ Այս համատեքստում կինոքննադատական կամ կինոգիտական խոսքի արժեքը կասկածի տակ է առնվում՝ արդյո՞ք արժե այդ խոսքն ասել, ո՞ւմ համար, ի՞նչ նպատակով։
«Ես քննադատական հոդված գրեցի «Երկրաշարժ» ֆիլմի մասին, այն չներկայացվե՞ց «Օսկարի»։ Ներկայացվեց։ Հետո գրեցի «Սպիտակ» ֆիլմի մասին, ասացի, որ այն «Երկրաշարժից» լավն է, բայց մեծ հույսեր մի ունեցեք այդ ֆիլմից։ Ես գրում եմ հանդիսատեսի համար։ Բայց գրում եմ ոչ թե որպես պարտավորություն կամ դրանով փող եմ աշխատում, ո՛չ, ուղղակի գրում եմ, երբ ուզում եմ»,-կինոգետի իր դերակատարումը մեկնաբանեց Արտավազդ Եղիազարյանը։ Նունե Հախվերդյանի տեսակետն այնքան էլ չի տարբերվում Արտավազդի դիրքորոշումից։ Նա էլ գրում է, երբ ոգևորված է կամ շատ բարկացած։ Որևէ ֆիլմի մասին գրելու պարտավորություն որևէ մեկի առաջ չունի, եթե ունենար, նրա կարծիքով դա կհամարվեր առաքելություն՝ ամենօրյա աշխատանք, ամենօրյա մշտադիտարկում։ Իսկ Նունեն գրում է, երբ ինքն է ուզում։ Րաֆֆի Մովսիսյանը ևս համակարծիք է ՝ կինոքննադատի գործը ֆիլմն արգելելը կամ ֆիլմին ցուցադրման իրավունք տալը չէ։ Նա ևս վաղուց վերլուծական, կինոգիտական խոսք որևէ հայկական ֆիլմի մասին չի գրել, որովհետև կարծում է, որ այդ խոսքի կարիքն այսօր ուղղակի չկա։
Կինոլրագրող Դիանա Մարտիրոսյանի ուշադրության կենտրոնում ավելի շատ միջազգային փառատոնային կյանքն ու ցուցադրվող ֆիլմերն են. նա ևս հայկական մերօրյա կինոարտադրությամբ շատ չի հետաքրքրվում։ Իր տեղեկացվածության չափով կարծիք է կազմել՝ այսօրվա մեր կինոն միջազգային կինոշուկայում տեղ չունի։
Դահլիճից բանախոսներին արձագանքեցին՝ ժամանակակից հայկական ֆիլմեր չեք տեսել և կարծի՞ք եք կազմում, խոսում եք կինոքննադատությունի՞ց։
«Ձեր կապը մեր կինոյի հետ կտրվել է, չկա։ Խնդիրը ձեր մեջ է։ Կինո նկարելը 100 անգամ ավելի դժվար է, քան այդ նկարված կինոյի մասին գրելը»,-ասաց «Արթնացիր» ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ Տիգրան Նալչաջյանը։ Կինոքննադատներն ու կինոգետներն, իհարկե, նրա հետ չհամաձայնեցին։ Բայց և ոչ մի կարծիք չկարողացան հայտնել Տիգրան Նալչաջյանի ֆիլմի մասին, որովհետև այն չէին տեսել։ Եվ ո՜վ զարմանք. ներկաներից մեկը խոստովանեց, որ «Հայկական ֆիլմ ֆորումի» շրջանակում ցուցադրված 11 ֆիլմն էլ տեսել է։ 11-ից 10-ը տեխնիկական և սյուժետային բացթողումներ ունեն, իսկ 11-ին էլ միավորում է մեկ ընդհանրություն՝ բոլորն էլ պսիխոթերիկ են։ Բոլոր ֆիլմերում ռեժիսորական սխալ մոտեցում կա. սցենարները վատը չեն, դրանց հիման վրա կարելի էր որակյալ ֆիլմ ստանալ, բայց չի ստացվել, որովհետև ռեժիսուրան սխալ է։ Թեև բանախոսներից Արտավազդ Եղիազարյանը հանդիպման սկզբում կատակով նկատել էր, որ բոլոր ֆիլմերը դիտած մարդուն պետք է մրցանակ տալ, բայց մրցանակ չտվեցին։ Փոխարենը 11 ֆիլմերը համառորեն դիտած երիտասարդի վկայությունները հաճելի աժիոտաժ առաջացրին դահլիճում ու հատկապես բանախոսների շրջանում։ Վերջապես կար մեկը, որը դիտել էր բոլոր ֆիլմերը և կարծիք հայտնեց՝ որպես ականատես. նա տեսակետ հայտնեց, ոչ թե ենթադրություն։
Կինոքննադատությանը վերաբերող հանդիպում-քննարկման վերջնարդյունքը նախասկզբից շատ չտարբերվեց, որովհետև այդպես էլ չպարզվեց՝ կինոքննադատներն ինչ դեր ունեն, կինոքնադատական խոսքն ինչ արժեք ունի, ո՞ւմ է ուղղված և ի՞նչ նպատակով։ Չպարզվեց՝ կինոքննադատներն առհասարակ կարևորո՞ւմ են իրենց մասնագիտությունը։
Փետրվարի 27-ից մարտի 3-ը Երևանում անցկացվեց առաջին հայկական ֆիլմ ֆորումը՝ GAIFF Pro հարթակի կողմից: 2018 թվականի հայկական բոլոր լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերի ճանաչողական ու անվճար ցուցադրություններին հետևեցին մասնագիտական քննարկումները ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում: 2 օր տևած քննարկումներն անդրադարձան ոլորտի այնպիսի խնդիրների ինչպիսիք են կինոքննադատությունը Հայաստանում, կինովարձույթի կազմակերպումը, կինոկրթության խնդիրներն ու հեռանկարները, Կինոկենտրոնի նոր կանոնադրությունը և կանոնակարգը, համատեղ արտադրության կազմակերպումը, կինոյի զարգացման հնարավոր ուղղությունները և այլն: