Հայաստանն առաջին անգամ իր առանձին տաղավարով փետրվարի 20-27-ը պաշտոնապես կներկայանա Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակում գործող Եվրոպական կինոշուկայում (EFM – European Film Market): Այս մասին փետրվարի 19-ին՝ ասուլիսում, հայտնեցին Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և գեղարվեստականղեկավար Մելիք Կարապետյանը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի խոսքերով, դեռևս 2019 թվականին, երբ ինքը մասնակցել է Բեռլինի կինոշուկային, ականատես է եղել մի փաստի, որ կինոշուկայում աշխատող հայ կինոգործիչները չունեն տարածք, որտեղ կարողանան ներկայացնելու իրենց արտադրանքը, կազմակերպելու հանդիպումներ ու միջոցառումներ․ «վերադառնալուն պես, անմիջապես դիմեցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի աջակցեն մեզ 2020 թվականին կինոշուկայում սեփական տաղավար ունենալու գործին: Նախարարության պատասխանատուները գնահատելով խնդրի կարևորությունը ընդառաջեցին, և նրանց շնորհիվ մենք արդեն ունենք այդ հնարավորությունը»։
«Հայաստանյան փոքրաթիվ պատվիրակության թիմում է նաև նաև ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը: Այցելության ընթացքում հրավեր ունենք Պոտսդամի կինոինստիտուտից, ինչը հնարավորություն կընձեռի տեղում ծանոթանալու գերմանական կրթական կինոծրագրերին ու գործունեությանը առհասարակ», – նշեց Շուշանիկ Միրզախանյանը:
Միրզախանյանը հայտնեց, նաև որ Ազգային կինոկենտրոնը փոխում է (ռեբրենդինգ) կինոկենտրոնի լոգոն և բեռլինյան կինոշուկայում արդեն կներկայանան նոր լոգոյով և նոր ոճով։ Ավելի ուշ, պատրաստ կլինի նաև Ազգային կինոկենտրոնի նոր կայքը, որը կունենա նոր ու ժամանակակից հնարավորություններ։
Կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար Մելիք Կարապետյանը հայտնեց, որ կինոշուկայում ներկայացվելու է շուրջ 50 հայկական ֆիլմ: Հատուկ Բեռլինի կինոշուկայի համար տպագրվել է կատալոգ, որում ներառվել են և կինոկենտրոնի կողմից աջակցություն ստացած, և անկախ ստեղծագործողների ֆիլմերն ու նախագծերը։