2006 թվականի հուլիսի 20-ի N 1110-Ն որոշման համաձայն «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն»:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը ԿԳՄՍ նախարարության աջակցության շնորհիվ, հնարավորություն է ստացել հավաքագրելու, արխիվացնելու և ուսումնասիրելու նախկին Հայֆիլմ կինոստուդիայի տարածքում գտնվող ողջ ժապավենային, ձայնագրային և փաստագրական նյութերը։
Դեռ փետրվարին մինչ Բեռլին մեկնելը Կինոկենտրոնի տնօրինությունը սահմանել և հաստատել է նոր կառուցվածքը, որտեղ տեղ է գտել նորաստեղծ «Կինոժառանգության բաժինը»:
Սեպտեմբերի 22-ին այդ բաժինը մեկնարկեց աշխատանքները Հայֆիլմ ստուդիայի սենյակներում։ Կինոստուդիայի փակվելուց հետո, այստեղ (ինչպես և ստուդիայի այլ բաժիններում) մնացած ահռելի քանակությամբ նյութերը երկար տարիներ գտնվել են բարձիթողի և անմխիթար վիճակում, համարվելով ոչ պիտանի կամ անկարևոր։ Դրանք հիմնականում 1980-90-ականներին արված ֆիլմերի նկարահանումների ամբողջական կամ մասնակի պահպանված նյութերն են, ձայնավորման համար օգտագործված տարատեսակ ձայնագրությունները, ինչպես նաև բուն Հայֆիլմի գործունեությանը վերաբերվող վարչական փաստաթղթերը։
Աշխատանքները կտևեն առնվազն 1️ ամիս, իսկ նյութերի հետազոտությունն ու մշակումը թերևս տարիներ։ Դրանք կհանձնվեն Կինոկենտրոնի արխիվին, որն այժմ նույնպես գտնվում է վերահաշվառման, ստուգման և գույքագրման փուլում։
Կինոկենտրոնը հրավիրում է կինոոլորտի գործիչներին մասնակցել կինոժառանգության բաժնի աշխատանքներին։ Միանալու համար կարող եք դիմել Կինոկենտրոն:
Հիշեցնենք, որ 2018 թվականին հայկական կինոյի ժառանգության իրավունքները փոխանցվել են «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդ հանդիսացող Հայկական ազգային կինոկենտրոնին: