Մոսկվա կինոթատրոնի փոքր դահլիճում ցուցադրվեցին 2018 թվականին կինոթատրոններում էկրան բարձրացած լիամետրաժ ֆիլմերը, այդ թվում՝ Արմեն Սիմոնյանի «Ձյունանուշ», Զորիկ Հովսեփյանի «Անկում», Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ», Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր», Արամիս Տատուի «Հեքիաթահարված», Տիգրան Նալչաջյանի «Արթնացիր», Ռուբեն Քոչարի «Ինքնանկար», Հայկ Կբեյանի «Գործակալ 044․ օպերացիա Գեղարդ», Կամո Ունանյանի «Ժամանակն է», Արայի Դավոյանի «Կողոպտիչները», Մհեր Մկրտչյանի «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմերը։
Վերոնշյալ ֆիլմերի եռօրյա ցուցադրություններից անմիջապես հետո՝ մարտի 2-ին եւ 3-ին, տեղի ունեցան ֆորումի շրջանակներում նախատեսված քննարկումները։
Պանելային ձեւաչափով անցկացվող քննարկումներին ներկա էին կինոգործիչներ, կինոքննադատներ, պրոդյուսերներ, սցենարիստներ, ֆիլմարտադրությամբ զբաղվող այլ մասնագետներ եւ ուսանողներ (ցուցադրված ֆիլմերի ռեժիսորները քննարկումներին ներկա չէին)։
Ֆորումի նպատակն ազատ, բացառիկ միջավայրի ստեղծումն է, որտեղ կինոգործիչը առանց կաշկանդվելու կկարողանա խոսել ոլորտի խնդիրներից, կփորձի իր գործընկերների հետ միասին լուծումներ գտնել, հաշվետվություն կտա արած աշխատանքի համար եւ նոր ծանոթություններ ձեռք կբերի նոր նախագծերի համար։ Հայկական ֆիլմ ֆորումը նպատակ ունի դառնալու ամենամյա կարեւոր իրադարձություններից մեկը Հայաստանում ֆիլմարտադրությամբ զբաղվող կամ զբաղվել պատրաստվող մասնագետների եւ ուսանողների համար։
Երկօրյա պանելային քննարկումների ընթացքում բանախոսները հանդես եկան մինչեւ 5 րոպե տեւողությամբ թեմատիկ խոսքով, որին հաջորդեց հարցուպատասխանը։ Քննարկումների համար նախատեսված թեմաներն էին․
Կինոքննադատությունը Հայաստանում (կինոքննադատության դերը, առկա խնդիրները ու դրանց լուծման հնարավոր ուղիները)։ Բանախոսներ՝ կինոգետ, լրագրող Նունե Հախվերդյան, կինոգետ, սցենարիստ Արտավազդ Եղիազարյան, կինոգետ Դիանա Մարտիրոսյան, ՀԿԿԱ նախագահ Սուսաննա Հարությունյան։
Կինովարձույթի կազմակերպումը Հայաստանում (ֆիլմերի իրավունքների ձեռքբերում, թարգմանություն եւ ցուցադրում)։ Բանախոսներ՝ «Մոսկվա» կ/թ-ի մենեջեր Անահիտ Խաչատրյան, «Կինոպարկ»-ի ֆիլմերի ծրագրավորող Մարինա Ղամբարյան, «Սինեմա սթար»-ի մենեջեր Տոմա Մովսիսյան, «Հայաստան» կ/թ-ի մենեջեր Լինա Հովակիմյան։
Կինոկրթությունը Հայաստանում (խնդիրները եւ հեռանկարները։ Ինչպե՞ս ավելի արդյունավետ դարձնել կինոկրթությունը)։ Բանախոսներ՝ կինոհետազոտող, La Fémis-ի շրջանավարտ Շագա Յուզբաշյան, կինոռեժիսոր, UT Sydney, Film & Media Studies-ի շրջանավարտ Վիգեն Գալստյան, կինոռեժիսոր, Columbia University-ի շրջանավարտ Վիկտորյա Ալեքսանյանը, պրոդյուսեր, London Film School-ի շրջանավարտ Օֆելյա Թովմասյանը։
Armenia? Romania! (թե ինչպես զարգացնել կինոն Հայատանի նման փոքր երկրում՝ Ռումինիայի օրինակով)։ Բանախոսներ՝ կինոքննադատ, լրագրող Կարեն Ավետիսյան, «Ոսկե ծիրան» կ/փ-ի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյան, պրոդյուսեր, դերասանուհի Արմինե Անդա։
Կինոկենտրոնի նոր կանոնադրությունը եւ կանոնակարգը (նորամուծությունը, նորարարությունը, դիմելու ձեւը եւ ժամկետները, հեռանկարները)։ Բանախոսներ՝ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյան, կինոռեժիսոր Լուսինե Սարգսյան, կինոգետ, ՀՀ Մշակույթի նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյան։
Համատեղ արտադրություն (Համատեղ արտադրության կազմակերպումը, առաջացող հիմնական խնդիրները)։ Բանախոսներ՝ պրոդյուսեր, Gaiff Pro-ի ղեկավար Մելիք Կարապետյան, պրոդյուսեր Անի Ոսկանյան, ՀԿԿԱ նախագահ Սուսաննա Հարությունյան, պրոդյուսեր Թերեզա Վարժապետյան։
Պանելային քննարկման մոդերատորները՝ Մելիք Կարապետյան, Րաֆֆի Մովսիսյան, Վահան Խաչատրյան (կինոռեժիսոր, ԵԹԿՊԻ շրջանավարտ, Ֆիլմ ֆորումի համակարգող), Սոնա Կարապողոսյանը (Gaiff Pro ծրագրերի ղեկավար), Հասմիկ Հովհաննիսյան։
Վերոնշյալ թեմաներից մի քանիսին կանդրադառնանք շուտով՝ բանախոսներից մի քանիսի հետ ունեցած հարցազրույցների ձեւաչափով։