Հայրենական Մեծ պատերազմին նվիրված բազմաթիվ ստեղծագործություններ մեզ տվել է կինեմատոգրաֆը: Էկրանի վրա ներկայացված պատերազմի դրվագները դառնում են նրա կարևոր վկայություններից մեկը, որը պահպանում է նրա հիշատակը ապագա սերունդների համար: Հայկական կինոյում պատերազմի թեման կարևոր տեղ է զբաղեցնում: Արիություն, սխրանք և ճակատում, և թիկունքում: Իրենց կտավները նվիրեցին այնպիսի ռեժիսորներ, ինչպիսիք են Դմիտրի Կեսայանցը, Ալբերտ Մկրտչյանը, Ֆրունզե Դովլաթյանը, Լևոն Գրիգորյանը: Այսօր՝ Հաղթանակի օրը, առաջարկում ենք ձեզ հիշել նրանց ֆիլմերը:
«Զինվորն ու փիղը» (1977, ռեժ. Դմիտրի Կեսայանց)
1945-ի գարուն: Պատերազմը մոտենում է ավարտին, մարտեր են ընթանում Գերմանիայի տարածքում: Հենց այդ ժամանակ է, որ պետք է տեղի ունենա, առերեւույթ անհավատալի պատմությունը: «Ես երբեք չէի հավատա նման պատմության իսկությանը, եթե մի օր ստիպված չլինեի տեսնել փաստաթղթեր, որոնք հստակ վկայում էին, որ առաջին հայացքից անհավանական այս սյուժեում ամեն ինչ ճիշտ է», — գրել է ֆիլմի ռեժիսորը: Մեծ հայրենական պատերազմի ընթացքում Գերմանիայի առանձնատներից մեկում զինվորները հայտնաբերում են… մի փղի: Շարքային Արմենակը հրաման է ստանում դուրս բերել կենդանուն կրակի տակից ու հասցնել Երևանի կենդանաբանական այգի:
Գաբուշա փիղի դերը կատարել է կրկեսային վարժեցնողներ Կոռնիլովների՝ Ռանգո անունով փիղը, որն իր դերասանական կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան երեսուն ֆիլմերում:
«Հին օրերի երգը» (1982, ռեժ. Ալբերտ Մկրտչյան)
Այս նկարի գործողությունը տեղի է ունենում Լենինականում (Գյումրի), որի բնակիչներն իրենց հարազատներից լուր են սպասում ռազմաճակատից: Սյուժեի կենտրոնում հայտնվում են ինքնագործ թատերախմբի անդամները: Ֆիլմի գլխավոր դերերից մեկը կատարել է Ֆրունզիկ Մկրտչյանը։ Փոստարար Նիկոլի դերը ամենատխուր և անողոքներից մեկն է, որտեղ անզուգական արտահայտվեց նրա դրամատիկ տաղանդը: Նիկոլը նամակներ է հասցնում ռազմաճակատից: Նրան անտանելի է կատարել իր պարտքը, ոչ իր կամքով ցավ պատճառել մարդկանց: Եվ մի օր նա այլևս ի զորու չէ տալ հերթական մահվան ծանուցում…
«Բարև, ես եմ» (1965, ռեժ. Ֆրունզե Դովլաթյան)
Երկու հրաշալի դերասաններ՝ Արմեն Ջիգարխանյանը եւ Ռոլան Բիկովը խաղացել են այս ֆիլմում՝ գիտնական ընկերներին: Գործողությունը ծավալվում է 1942 թվականին: Անձնուրաց գիտնականները շարունակում են իրենց աշխատանքը, չնայած զրկանքներին եւ կորուստներին: Պարտքի, սիրո եւ բարեկամության հավատարմության թեման առկա է նկարի սկզբից մինչեւ վերջ, իսկ այս ամենի կենտրոնում հիշողությունը: Ֆիզիկոս ընկերները՝ Արտյոմ Մանվելյանը և Օլեգ Պոնոմարյովը, բարի և բաց մարդիկ են, ովքեր կարողանում են ժպտալ նույնիսկ այն ժամանակ, երբ դա այդքան դժվար է: Այս մասին է վկայում գեղեցիկ դրվագը, որտեղ նրանք կատարում են հայ ժողովրդական «Լուսնյակ գիշեր» երգը: Սցենարը մասամբ հիմնված է հայտնի հայ ֆիզիկոս Արտյոմ Ալիխանյանի կենսագրության վրա:
«Ձնծաղիկներ և էդելվեյսներ» (1981, ռեժ. Լեւոն Գրիգորյան)
Լեւոն Գրիգորյանը մեզ նկարագրում է խիստ կլիմայական պայմաններում մարտնչող զինվորների անմխիթար սխրանքը:
Ֆիլմը Հայրենական մեծ պատերազմի մի դրվագ է ներկայացնում. խորհրդային զինվորների փոքրաթիվ ջոկատի և գերմանական «Էդելվեյս» հրաձգային դիվիզիայի լեռնային ջոկատի անհավասար մարտը Կովկասի լեռներում:
Նկարը նվիրված է Կովկասի ճակատամարտի 40-ամյակին:
«Որտե՞ղ էիր, մարդ աստծո» (1992, ռեժ. Առնոլդ Աղաբաբով)
Սոս Սարգսյանը, Աննա Էլբակյանը, Գալյա Նովենցը, Ալլա Թումանյանը, Կարեն Ջանիբեկյանը և այլ մեծանուն դերասանները միավորվել էին հինգ սերիանոց ֆիլմում:
Ստեփան Եսայանը բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո նշանակվում է հեռավոր մի գյուղի բժիշկ: Նա վերապրել է բոլոր փորձությունները, որոնք բաժին են ընկել Ստալինի ռեպրեսիաների եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, եւ չի կորցրել մարդկային կերպարը:
Իր ֆիլմում Առնոլդ Աղաբաբովը կինոլեզվով հմտորեն փոխանցում է մարդկային նուրբ փոխհարաբերությունները: