Հունվարի 14-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ուղիղ եթերում քվեարկեց և հրապարակեց Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի արդյունքները։
Մրցույթն անցկացվում էր 2020 թվականին ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված նոր կարգով՝ ըստ վեց չափանիշներով սահմանվող գնահատականների․
- 1) սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը.
- 2) հայերեն հաղորդումների գերակայությունը.
- 3) բազմակարծությունը խթանելու կարողությունը.
- 4) հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները.
- 5) աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը.
- 6) ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը:
Յուրաքանչյուր չափանիշ գնահատվում է առավելագույնը 20 վարկանիշային միավորով, հետագայում միավորները գումարվում են:
Հանձնաժողովի յոթ անդամների վարկանիշային քվեարկությամբ դիմորդ հեռուստաընկերությունները հավաքեցին հետևյալ միավորները՝
Մարզ | Ընկերություն | Միավոր |
Արագածոտն | «Դելտա ՏՎ» | 674 |
«Պրոգրես Մեդիա» | 619 | |
Արմավիր | «Արանեա» ՍՊԸ | 435 |
«ԱԼՏ» հեռուստախմբագրություն | 292 | |
Լոռի | «Ֆորտունա» | 673 |
«Լոռի ՏՎ» | 529 | |
«Անկյուն գումարած 3» | 482 | |
Շիրակ | Ցայգ | 589 |
«Շանթ թիմ» | 492 | |
Սյունիք | «Ձագեձոր» ՍՊԸ («Զանգեզուր» ՀԸ) | 573 |
Տավուշ | «Տավուշ Մեդիա» ՍՊԸ | 502 |
Գեղարքունիք | «Գեղամա Մեդիա Հոլդինգ» («Գավառ» ՀԸ) | 622 |
Կոտայք | «Կոտայք ՏՎ» | 498 |
Մրցույթի անցողիկ՝ նվազագույն շեմը 280 միավորն է, առավելագույնը՝ 840։ Արդյունքները Հանձնաժողովը կհաստատի որոշմամբ, որը կընդունվի հունվարի 18-ի նիստում:
Յուրաքանչյուր մարզում լիցենզիա է տրամադրվել մեկ ընկերության։ Մրցույթը կայացել է ութ հաճախականությունների համար, քանի որ Արարատի և Վայոց ձորի մարզերից այս մրցույթին հայտեր չեն եղել:
Արարատի և Վայոց ձորի մարզերի համար Հանձնաժողովն նոր մրցույթներ է հայտարարել։
Ութ մարզերից, ընդհանուր առմամբ, հայտ էր ներկայացրել 13 ընկերություն: Որոշ մարզերում հեռարձակման լիցենզիայի համար մրցակցություն կար մեկից ավելի դիմորդների միջև:
Այլ մարզերում հեռարձակման մեկական հայտ էր ներկայացվել՝ «Ձագեձոր» ՍՊ ընկերությունն «Զանգեզուր» հեռուստաընկերությամբ՝ Սյունիքում, «Տավուշ Մեդիա» ՍՊ ընկերությունն (Իջևան քաղաք)՝ Տավուշում, «Գեղամա Մեդիա Հոլդինգի» «Գավառ» հեռուստաընկերությունը՝ Գեղարքունիքում և Աբովյանում գործող «Կոտայք ՏՎ»՝ Կոտայքի մարզում։
Օրենքով նորաստեղծ ընկերություններին առավելագույնը վեցամսյա ժամկետ է տրված հեռարձակումը սկսելու համար։ Սլոթերը տրամադրվում են յոթ տարի ժամկետով։
Հունվարի 15-ին կհրապարակվեն հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթներում հաղթող հեռուստաընկերությունների անունները։ Հանրապետական սփռում կիրականացնի 5 հեռուստաընկերություն, իսկ մայրաքաղաքում կհեռարձակվի 7-ը։
Նախկինում հայտարարվել էր հանրային մուլտիպլեքսում հանրապետական սփռման 6 և մայրաքաղաքային սփռման 9 սլոթի օգտագործման մրցույթ, սակայն այս տարվա հունվարի 8-ի նիստում ՀՌՀ-ն քանակի փոփոխություն կատարեց: Պատճառն այն է, որ 2020 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագով հանրային մուլտիպլեքսում երեք սլոթ հատկացվեց ռուսաստանյան հեռուստաալիքներին:
Հուտվարի 6-ին «Սպուտնիկ Արմենիան» տեղեկացրել էր, որ «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքը կհեռարձակվի Հայաստանի ամբողջ տարածքում, իսկ «Ռոսիա Կուլտուրա» և «Առաջին ալիք: Միջազգային ցանց» հեռուստաալիքները՝ Երևանում։ Ըստ նույն աղբյուրի՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը (Առաջին ալիք) ՌԴ ամբողջ տարածքում հեռարձակման յուրահատուկ լիցենզիա կստանա։ Այս տեղեկությունները հաստատել է նաև ՀՌՀ-ն։
Հունվարի 15-ին կկայանա համապետական և մայրաքաղաքային սփռման սլոթի մարցույթը, որին դիմել է 24 ընկերություն՝ 12 համապետական, 12 մայրաքաղաքային սփռման համար:
Հանրային հեռուստաընկերությունը (Առաջին ալիք) համապետական սփռման սլոթ է ստանում առանց մրցույթի: Խոսքը Հանրային հեռուստաընկերության նոր ալիքի մասին է, որը պետք է անցնի լիցենզավորման մրցույթի բոլոր ընթացակարգերով:
Նոր դիմողներ են «Freenews» («Ֆրի Նյուզ» ՍՊԸ) և «1in.am» («Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ) ընկերությունները։ «Ար» հեռուստաընկերությունը, որը գործում է 1996 թվականից, մրցույթին չի մասնակցում։