Հունվարի 29-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տեղադրվել է «Ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, մերժելու և դադարեցնելու կարգն ու պայմանները, ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում հաշվարկվող՝ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը և վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը սահմանելու պայմաններն ու հաշվարկելու նորմատիվները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:
Հայաստանում՝ կինեմատոգրաֆիայի ոլորտում իրականացվում են համատեղ արտադրությամբ կինոնախագծեր, ինչպես մեծամասնական, այնպես էլ փոքրամասնական ձևաչափերով, սակայն ոլորտում առկա են պետական աջակցության և մասնավոր ներդրումային միջոցների սղություն, միաժամանակ՝ օտարերկրյա ֆիլմարտադրողների հոսքը Հայաստան ևս սակավաթիվ է՝ նպաստավոր պայմանների բացակայության պատճառով, սակայն ֆիլմարտադրության կազմակերպման համար Հայաստանի բնակլիմայական բարենպաստ պայմաններն ու մատչելի աշխատաշուկան կարող են ապահովել ոլորտի գրավչությունը, մասնավորապես՝ Հայաստանում հնարավոր է միաժամանակ նկարահանել տարվա բոլոր եղանակները և ապահովել ֆիլմարտադրության համար անհրաժեշտ ստեղծագործական, տեխնիկական և սպասարկման աշխատանքներն ու ծառայությունները:
Ներդրումների մասնակի վերադարձի ապահովումը միջազգայնորեն ընդունված ձևաչափ է բազմաթիվ երկրներում, որով հնարավոր է ապահովել կինոարտադրության ոլորտի զարգացումն ու միջազգայնացումը և երկրում տնտեսական աճը:
Ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, մերժելու կամ դադարեցնելու կարգն ու պայմանները, ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը և վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը սահմանելու պայմաններն ու նորմատիվները հաշվարկելու գործընթացի կարգավորումը առաջին հերթին բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման, ինչպես նաև Հայաստանում ֆիլմարտադրության զարգացման, տնտեսական աճի խթանման և միջազգային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունից:
Օտարերկրյա ֆիլմարտադրողները, այդ թվում նաև հայաստանյան ֆիլմարտադրողների հետ համատեղ արտադրությամբ ֆիլմ նկարահանող ֆիլմարտադրողները Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմարտադրության նպատակով ներդրված դրամական ծախսերը ետ ստանալու նպատակով հայտ են ներկայացնում Ազգային մարմին հիմնադրամին՝ որոշման նախագծով սահմանված պայմաններով ու ձևաչափերով: Ազգային մարմնի դրական եզրակացության դեպքում Լիազոր մարմնի և օտարերկրյա ֆիլմարտադրողի ներկայացուցչի (ՀՀ ռեզիդենտ ֆիլմարտադրող ընկերություն) միջև կնքվում է ներդրումների 10-40 %-ի չափով վերադարձի պայմանագիր:
«Ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, մերժելու և դադարեցնելու կարգն ու պայմանները, ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում հաշվարկվող՝ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը և վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը սահմանելու պայմաններն ու հաշվարկելու նորմատիվները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է Հայաստանում ներդրումների մասնակի վերադարձի մեխանիզմի գործարկումը, կինոարդյունաբերության զարգացումը, ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնումը, երկրում տնտեսական աճի և աշխատաշուկայի մրցունակության բարձրացման ապահովումը, երկրի վարկանիշի և միջազգային դիրքավորման խթանումը:
Քննարկումը տևելու է մինչև փետրվարի 16-ը: Մեկնաբանելու համար անհրաժեշտ է գրանցվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: