Մայիսին The Deadline-ը եւ Screenrant-ը հայտնել էին, որ տիեզերքում ֆիլմ են նկարահանելու SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը և NASA-ի տիեզերական գործակալությունը: Գլխավոր դերը պետք է կատարի դերասան Թոմ Քրուզը, իսկ ֆիլմի ռեժիսոր հանդես կգա Դագ Լայմանը:
Space Shuttle Almanac-ի Twitter-օգտահաշվում հայտնվել է Միջազգային տիեզերական կայանի (ՄՏԿ) ճամփորդական թերթիկը հաջորդ երեք տարվա համար:
Պաշտոնապես հաստատվել է, որ Թոմ Քրուզը եւ ռեժիսոր Դագ Լայմանը տիեզերք կմեկնեն 2021 թվականի հոկտեմբերին Axiom Space ծրագրի շրջանակներում, իսկ տիեզերանավի կապիտան կդառնա ամերիկացի հայտնի տիեզերագնաց Մայքլ Լոպես-Ալեգրիան:
Առայժմ հայտնի չէ ՝ արդյոք դա նախապատրաստական թռիչք կլինի լիարժեք նկարահանումներից առաջ, թե թռիչք՝ բուն նկարահանումների նպատակով:
Հայտնի է, որ արտադրական բյուջեն այս պահին սահմանված է 200 մլն դոլարի սահմաններում, սակայն նախագծին մասնակից բոլոր անձինք գիտակցում են, որ կան բոլոր ռիսկերը, որ նկարն ավելի թանկ կդառնա:
Չնայած այն բանին, որ ֆիլմը սցենար չունի, հաստատվում է, որ երկրի ուղեծրից դուրս էքշն-տեսարաններ կլինեն: Կարևոր է հիշեցնել, որ Քրուզն այժմ 58 տարեկան է, և մոտ ժամանակներս նա դեռ պետք է ավարտի «Առաքելությունն անիրագործելի է» ֆրանշիզայի յոթերորդ մասի վրա աշխատանքը, իսկ հետո նկարահանվի ութերորդ մասում, որն արդեն հայտարարվել է և պետք է դուրս գա 2022 թվականին: Այժմ քննարկումներ են ընթանում այն բանի շուրջ, թե ինչպես ձևակերպել Քրուզի ապահովագրությունը և ամբողջ թիմի, որը տիեզերք կմեկնի նրա հետ միասին, քանի որ նախկինում նման նախադեպեր պատմության մեջ դեռ չեն եղել:
Տիեզերքում նկարի ստեղծողների համար բազա կդառնա Միջազգային տիեզերական կայանը (ՄՏԿ):
Տիեզերքի համար պայքարը միշտ ուշագրավ է եղել: Արդեն գրեթե 60 տարի Ռուսաստանը և ԱՄՆ-ն «գաղտնի» մրցում են տիեզերքի համար, և տիեզերքային կինոն անմասն չի մնացել:
«Ռոսկոսմոսը», «Առաջին ալիքը» և Yellow, Black And White ստուդիան կնկարահանեն պատմության մեջ առաջին խաղարկային ֆիլմը տիեզերքում: Այս մասին ՌԲԿ-ին հայտնել են պետակորպորացիայից: Ֆիլմի ռեժիսորն է Կլիմ Շիպենկոն, որը նկարահանել է «Ճորտը» և «Սալյուտ-7» ֆիլմերը:
Ռուսական ֆիլմի աշխատանքային անվանումը կդառնա «Մարտահրավեր», ճշտել են «Ռոսկոսմոսում»: Սյուժեն նախատեսում է թռիչք Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ)՝ ռուսական «Սոյուզ ՄՍ» տիեզերանավով, ասված է հաղորդագրության մեջ: Թռիչքը նախատեսված է հաջորդ տարվա աշնանը:
Ֆիլմի գլխավոր հերոսին, որը թռնելու է Միջազգային տիեզերակայան, և նրա դուբլյորին կընտրեն բաց մրցույթի արդյունքներով: Ֆիլմի ապագա մանրամասները դեռ անհայտ են, սցենարն ու տեխնիկական հնարավորությունները քննարկման փուլում են:
Ռուսական նախագծի գլխավոր պրոդյուսերները կլինեն «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինը, «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստը, ինչպես նաև Սերգեյ Տիտինկովը, Էդուարդ Իլոյանը, Դենիս Ժալինսկին, Վիտալի Շլյապպոն և Ալեքսեյ Տրոցյուկը:
Ռուսական պետական կորպորացիայում ակնկալում են, որ ֆիլմը «կնպաստի Ռուսաստանի տիեզերական գործունեության մասսայականացմանը և տիեզերագնացի մասնագիտության հերոսացմանը»: