Հարվի Վայնշտեյնին սեռական բնույթի բռնի գործողությունների նոր մեղադրանք են առաջադրել: Գործը հետաքննում է Լոս Անջելեսի դատախազությունը, նախկին պրոդյուսերը կարող է եւս 4 տարվա ազատազրկում ստանալ:
Ենթադրյալ միջադեպը տեղի է ունեցել 2010 թվականին Բեվերլի Հիլզի հյուրանոցներից մեկում: Գործով տուժողի կարգավիճակում գտնվող կնոջը հարցաքննել են 2019 թվականի հոկտեմբերին: Դրանից հետո նա տեղեկատվություն է տրամադրել, որը հաստատում է, որ բռնաբարությունը տեղի է ունեցել հայցային վաղեմության ժամկետի սահմաններում:
Մարտի 11-ին Նյու Յորքի դատարանը Վայնշտեյնին 23 տարվա ազատազրկման է դատապարտել երրորդ աստիճանի բռնաբարության եւ առաջին աստիճանի սեռական ոտնձգությունների մեղադրանքներով: Չնայած մեղադրանքներին երկու կետով, ատենակալները նախկին պրոդյուսերին անմեղ են ճանաչել «գիշատիչ սեռական վարքի» ավելի լուրջ մեղադրանքով, որով նրան ցմահ ազատազրկում է սպառնում:
Մարտի 23-ին հայտնի է դարձել, որ Վայնշտեյնը Նյու Յորքի ուղղիչ հաստատությունում վարակվել է կորոնավիրուսով: Ապրիլի 10-ին Fox News-ը հայտնել էր, որ նա բուժվել է COVID-19-ից եւ հեռացել բժշկական մեկուսարանից:
Շուտով Վայնշտեյնը կարտահանվի Լոս Անջելես, որտեղ դատարանի առջեւ կկանգնի չորս այլ մեղադրանքներով: