Քննչական կոմիտեն հայտնում է, որ Հայաստանի մշակույթի նախարարի կողմից առերևույթ յուրացման և պաշտոնեական լիազորություններն անցնելու քրեական գործն ուղարկել է Դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության Հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ: Մեկ տարի ձգձգվող դատական գործի արդեն հայտնի մանրամասները բարձրաձայնվում է արդեն Քննչական կոմիտեն:
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասով քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար», – ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ Հայաստանի մշակույթի նախարարը 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2018-ի մայիսի սկիզբը Արմեն Ամիրյանն էր: Ամեն ինչ սկսվեց 2018 թվականին, երբ Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը նոր կանոնակարգ հաստատեց ու չեղարկեց ֆիլմի նկարահանման համար 88 միլիոն դրամ տրամադրելու` ավելի վաղ ընդունած պարտավորությունը։
Գալստյանն էլ որոշեց բողոքել ու հացադուլ հայտարարեց։ Դրանից հետո միջգերատեսչական հանձնաժողովի նիստ կայացավ, որի կազմում ընդգրկված էին Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար Շուշանիկ Միրզախանյանը, մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանն ու այն ժամանակ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։ Կարծես թե ֆինանսավորումը շարունակելու երաշխիքներ տվեցին։
Թվում էր` հարցն այսքանով պիտի փակվեր, բայց հունվարի 18-ին ռեժիսորը հայտարարեց, որ վերսկսելու է հացադուլը։ Պարզվեց, որ մշակույթի նախարարության լուծարմանը զուգահեռ հօդս է ցնդել նաև ֆինանսավորման խոստումը։
Կինոկենտրոնի ղեկավար Շուշանիկ Միրզախանյանը պնդում է, որ այդ հարցով ոչ մի հանձնարարություն չի ստացել։ Ավելին՝ ռեժիսորին մեղադրում է խաբեբայության համար։
Իսկ Գալստյանն 2019 թ. փետրվարի 4-ին կրկին հացադուլ է հայտարարում ու ֆինանսավորումից բացի պահանջում է հրապարակել միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ձայնագրությունը՝ բանավոր հանձնարարության ապացույցով։
Հասկանալով, որ նախկին նախաար Մակունցից անիմաստ է որևէ բան պահանջել, ռեժիսորը 2019 թ. փետրվարի 6-ին փորձել է հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Սակայն դա էլ չի հաջողվել։ Նրան ընդունել է Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը: Բնականաբար ոչ մի խոստում չի տվել ու միայն վստահեցրել է, որ ամեն ինչ կփոխանցի վարչապետին։
Ռեժիսորը շարունակում է պնդել, որ Միրզախանյանն ու իր աջակիցները կոռումպացված են ու սպանել են հայկական կինեմատոգրաֆը։
«Ի դեպ, այս փուլում, այս գործով Ամիրյանին պատասխանատվության կանչելը իմ ու իմ փաստաբանի պլանների մեջ չէր մտնում, մենք դա անելու էինք դատական գործերի ավարտից հետո։ Գործը Ամիրյանի դեմ հարուցվել է ոչ թե իմ, այլ կինոկենտրոնի հաղորդագրության արդյունքում։ Էն դու, էն էլ քո կադրերը», – գրել է ռեժիսորը իր էջում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: