Սեպտեմբերի 22-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարաել է մրցույթ՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստանալու համար:
Հայաստանի վերգետնյա հեռարձակողները մասնակցելու են մրցույթին համաձայն նոր օրենքի, որը շատ արագ մշակվեց ու ընդունվեց մեկ ամիս առաջ: Օրենքի արագ ընդունման պատճառներից մեկը նաև այն էր, որ նախորդ՝ 2011թ․-ից տրամադրված լիցենզիաների ժամկետներն ավարտվում են 2021-ի հունվարին, իսկ մրցույթը պետք է անցկացնել դրանից չորս ամիս առաջ:
Եվ պետությունը նպատակ էր դրել մրցույթն անցկացնել արդեն նոր օրենսդրական դրույթների պայմաններում:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը, որը ուժի մեջ է մտել 2020-ի օգոստոսի 7-ին, սահմանել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգ:
Եվ քանի որ Հայաստանում դեռևս չեն ձևավորվել մասնավոր մուլտիպլեքսներ, հանրային մուլտիպլեքսը մնում է միակ հեռարձակման թվային ցանցը, որի 100%-ը պատկանում է պետությանը:
Սլոթերը (մուլտիպլեքսային ցանցի հոսքի մի մասը, որը համապատասխանում է մեկ հեռուստաընկերության ծրագրերին) հետևյալն են.
- Հանրապետական հեռարձակում – 6 սլոթ
- Մայրաքաղաքային հեռարձակում- 9 սլոթ
- Մարզային հեռարձակում- 10 սլոթ, յուրաքանչյուր մարզում մեկական:
Լիցենզավորման նոր կանոնների հետ կարող եք ծանոթանալ www.media.am կայքի նյութում:
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին կարող են մասնակցել միայն որպես տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:
Հայտերն ընդունվում են 2020 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 11-ը ներառյալ: Մրցույթի մասին կարող եք կարդալ ՀՌՀ-ի կայքում: