Լոնդոնում 89 տարեկան հասակում վախճանվել է դերասան Իեն Հոլմը՝ «Մատանիների տիրակալը» եռերգության Բիլբո Բեգգինսի դերակատարը, «Հինգերորդ տարր», «Բրազիլիա», «Օտարը» ֆիլմերի աստղը: Այդ մասին հայտնել է դերասանի գործակալը: Պատճառը Պարկինսոնի հիվանդության հետ կապված բարդություններն են եղել:
«Խոր վշտով հայտնում ենք, որ դերասան սըր Իեն Հոլմը կյանքից հեռացել է 88 տարեկան այս առավոտյան: Նա մահացել է հանգիստ, հիվանդանոցում, ընտանիքի եւ բժիշկների շրջապատում: Հմայիչ, բարի եւ ահավոր տաղանդավոր, մենք կարոտելու ենք նրան», – ասվում է հայտարարության մեջ:
Իէն Հոլմը ծնվել է 1931 թվականի սեպտեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայի Գուդմեյզ քաղաքում: 1950 թվականին ընդունվել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա, որի ավարտից հետո մի քանի տարի հանդես է եկել բրիտանական թատրոններում:
1958 թվականին Հոլմը կինոյում նորամուտը նշեց «Աղջիկը ծովի մոտ» կատակերգությունով: Համաշխարհային ճանաչում է ստացել Ռիդլի Սքոթի «Օտարը» ֆանտաստիկ հորորում անդրոիդ էշի դերից հետո: 1981 թվականին «Օսկար» մրցանակի է առաջադրվել «Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր» անվանակարգում «Կրակե կառքեր» դրամայում դերի համար:
1998 թվականին Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Հոլմին նվիրեց ասպետական տիտղոս եւ ազնվական կոչում տվեց դրամայի զարգացման գործում ներդրած ավանդի համար:
Ընդամենը Հոլմի հաշվին ավելի քան 120 դեր կա թատրոնում, կինոյում եւ հեռուստատեսությունում: Դերասանի ամենահայտնի դերը Բիլբո Բեգգինսն է «Մատանիների տիրակալը» եւ «Հոբիթ» եռերգություններում: