Փետրվարի 19-ին մահացել է հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ, «Երևանի պատվավոր քաղաքացի» Երվանդ Մանարյանը: Այս մասին տեղեկանում ենք նրա թոռնուհու՝ Լիլիթ Մանարյանի ֆեյսբուքյան գրառումից:
Երվանդ Մանարյանը ծնվել է Արաքում (Իրան) 1924 թ. օգոստոսի 10-ին։ 1946 թ. ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թ.։
Որպես դերասան և ռեժիսոր՝ աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։
1957-59 թթ. եղել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1959-1961 թթ. նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։
Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։
Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» (Ջուրը մեր հանապազօրյա) և այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ։