Փետրվարի 26-ին տեղի է ունեցել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մամլո ասուլիսը, որի ժամանակ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ասել է, որ եվ՛ ռադիոների, և՛ հեռուստաընկերությունների եթերներում բովանդակության գոնե 55% պետք է լինի հայրենական արտադրության։ Այսինքն՝ ցանկացած օտարալեզու ֆիլմ, հաղորդում, համերգ, որը թարգմանվել է հայերեն, համարվում է հայրենական արտադրանք։
Տիգրան Հակոբյանն ընդգծում է՝ եթե խոշոր ՀԸ-երը պահպանում են հայերեն բովանդակության այդ տոկոսը, ապա ՀԸ-երի մի մասը չի հետևում այդ օրենքին։ Հայերեն բովանդակության առումով վատ վիճակում են գտնվում հատկապես մարզային հեռուստաընկերությունները. «Թվային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունները ընդամենը 15%-16% հայերեն արտադրանք են եթեր տալիս։ Մարզերում մարդիկ զրկված են մայրենի լեզվով քոնթենթ նայելուց։ Սա շատ բացասաբար է ազդում երեխաների վրա, որոնք չեն կարողանում հայերենով հաղորդումներ նայել»։
Նրա խոսքով՝ հայերեն բովանդակության 55% շատ քիչ է. «Օրինակ՝ Կենտրոնական Ասիայի երկրները, ինչպիսին են Ղազախստանը կամ Ղրղզստանը, որտեղ բավականին մեծ թվով ռուսալեզու բնակչություն կամ էթնիկ ռուսներ կան, այնտեղ եթերում 70%-80% է հայրենական արտադրանքի ծավալը, քանի որ այդ մարդիկ մտահոգված են իրենց մշակույթի, լեզվի մաքրության, ինքնության պահպանմամբ։ Մեզ մոտ ընդամենը 55% է, որն էլ, ցավոք, չի պահպանվում»։
Նշենք, որ Ղազախստանում ռուսերեն լեզուն պաշտոնական լեզու է համարվում 1995 թվականից, իսկ Ղրղզստանում 2010 թվականից:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի խոսքով՝ անալոգային տիրույթում գործող հեռուստաընկերություններում վիճակն առավել վատ է. «Դեկտեմբերի չափումներով՝ մարզային հեռուստաընկերություն կա, որի եթերով օր է եղել, որ հայերեն լեզվով քոնթենթը կազմել է ընդամենը 1.1 տոկոս։ Գուշակեք՝ հայերենով ինչ է եղել եթերում՝ գովազդ։ Միջազգային պրակտիկայում հասկացություն կա՝ լեզվի անվտանգություն։ Մեր երկրում լեզվի անվտանգությունը խախտված է։ Պետք է քայլեր ձեռնարկենք, որ դա շտկվի»
Տիգրան Հակոբյանը խնդրի լուծման երկու տարբերակ է առաջարկում. «Հայերեն լեզվով քոնթենթը հավելյալ միջոցներ են պահանջում։ Մենք Կառավարությանը երկու լուծում ենք առաջարկում՝ առաջին՝ ստեղծել հայերեն լեզվով հաղորդումների, ֆիլմերի միասնական շտեմարան։ Կան բազմաթիվ հայերենով թարգմանված ֆիլմեր, մուլտեր, համերգներ ու հաղորդումներ, որոնց հեռարձակելու իրավունքները գնված են, սակայն դրանք այդպես էլ մնում են հեռուստաընկերությունների արխիվներում։ Մենք ուզում ենք խնդրել խոշոր ՀԸ-երին ու նաև Հանրայինին, որ տրամադրեն դրանք ու հատկապես մարզային հեռուստաընկերությունները կարողանան այդ բովանդակությունից օգտվել։ Երկրորդը՝ ինչ-որ բազայի վրա ստեղծել կրկնօրինակման ստուդիա, որտեղ բոլոր ֆիլմերն ու մուլտերը թարգմանվեն ու կվաճառվեն հեռուստաընկերություններին։ Այդպիսով՝ ինքնարժեքը քիչ կլինի»։
Տիգրան Հակոբյանը նաև նշում է, որ երկրորդ առաջարկի իրականացման համար կխնդրեն նաև պետական աջակցություն. «Կան թատրոններ, որտեղ դերասանները աշխատավարձ են ստանում, սակայն շատ գործ չունեն, նրանք ամսվա մեջ մի քանի անգամ կգնան ու կթարգմանեն այդ ֆիլմերն ու հաղորդումները»։