The Wall Street Journal պարբերականը պարզել է, որ ներկայում Մարտին Սկորսեզեն Netflix-ի եւ Apple-ի հետ բանակցություններ է վարում հարթակներից մեկում իր «Ծաղկի լուսնի մարդասպանները» ֆիլմի թողարկման շուրջ: Հիշեցնենք, որ կինոնկարի գլխավոր դերերը կխաղան Լեոնարդո Դի Կապրիոն եւ Ռոբերտ դե Նիրոն:
Ինչպես եւ «Իռլանդացին», ֆիլմն ի սկզբանե մշակվել է Paramount-ի համար, սակայն 200 մլն դոլարի չափով նրա արտադրական բյուջեն չափազանց բարձր է եղել ստուդիայի համար, ուստի որոշվել է նրան գտնել մեկ այլ հիմնական ֆինանսսավորող կամ դիստրիբյուտոր:
Ֆիլմի սյուժեի հիմքում Դեվիդ Գրանի համանուն վեպն է: Այն պատմում է 20-րդ դարասկզբին Օկլահոմայում տեղի ունեցած ամերիկացի հնդիկների առեղծվածային սպանությունների հետաքննության մասին:
Նկարահանումները պետք է սկսվեին այս տարվա մարտին, սակայն գործընթացը դադարեցվել էր կորոնավիրուսի համաճարակի եւ ֆինանսավորման հետ կապված խնդիրների պատճառով: Թե երբ նախագիծը լույս կտեսնի, դեռ պարզ չէ: