Հունիսի 7-ին մեկնարկում է «ՄԷԿ ԿԱԴՐ» կարճ ֆիլմերի 22-րդ միջազգային փառատոնը, որը այս տարի անսովոր շատ գրավիչ նյութ է առաջարկում կինոսիրողներին: Բացումը տեղի է ունենալու Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տանը: Փառատոնային ցուցադրությունները կշարունակվեն Արվեստի բաց հարթակում հունիսի 8-ից 15-ը:
Մուտքն ազատ է բոլորի համար, ուստի բոլորը կարող են վայելել նոր կարճ ֆիլմեր տարբեր երկրներից:
Այս տարի փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել 510 ֆիլմ, որոնցից 150-ը ընտրվել են մրցույթային ծրագրի համար: Մասնակիցները ներկայացնում են 17 երկիր՝ Հայաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Եգիպտոս, Իռլանդիա, Իրան, Լեհաստան, Կանադա, Հունգարիա, Միացյալ Թագավորություն, Չինաստան, Ռուսաստանի Դաշնություն և Ֆրանսիա: Սա մեծ հնարավորություն է իմանալու տարբեր մշակույթների և կինեմատոգրաֆիական ավանդույթների մասին:
Փառատոնը տեղի կունենա Արվեստի բաց հարթակում՝ Քաջազնունի 1, Երկրորդ հարկ։ Տեղանքը գտնելու համար կարող եք օգտվել այս ուղեցույցից:
Այս տարվա փառատոնը ներառում է հետաքրքիր անվանակարգեր՝
- ՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ – 112 ֆիլմ, որոնցից 100-ը կներկայացնեն Հայաստանը:
- ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐ – 27 ֆիլմ, որոնցից 6-ը կներկայացնեն Հայաստանը:
- ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ – 11 ֆիլմ, որոնցից 4-ը կներկայացնի Հայաստանը:
Փառատոնի ամբողջական ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՄԷԿ ԿԱԴՐ-ն աջակցում է Հայաստանում անկախ, հեղինակային կինոարտադրության զարգացմանը: Փառատոնում նկարահանման տեխնիկայի, կրիչի սահմանափակումներ չկան: Ֆիլմերը կարող են նկարահանվել հնարավոր բոլոր միջոցներով` բջջային հեռախոսից մինչև ժամանակակից թվային տեխնիկա, կինոժապավեն: Փառատոնի մրցույթային անվանակարգերն են. «Մէկ կադր – մէկ րոպե», «Կարճ ֆիլմեր», «Կինո առանց սահմանի»: Ներկայացվում են հատուկ ծրագրեր:
ՄԷԿ ԿԱԴՐ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը բաց կինոհարթակ է: Հիմնադրվել է 2003 թվականին: Տեղի է ունենում ամեն տարի հունիս ամսի սկզբին, Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Հիմնադիր նախագահ` Գագիկ Ղազարէ: Հիմնադիր կազմակերպություն՝ Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն հիմնադրամ: Փառատոնի իրավատերն է Արվեստի Բաց Հարթակ կազմակերպությունը։ Խորհրդանիշը Հայաստանի Գեղամա լեռներում գտնված 5000ամյա ժայռապատկերից վերակերտված բրոնզաձույլ արձանիկն է: