ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում կինեմատոգրաֆիայի մասնագետներ ընդգրկելու նպատակով:
Մրցույթն իրականացվելու է՝ համաձայն ԿԳՄՍ նախարարի 2024 թ. հոկտեմբերի 9-ի N 75-Ն հրամանի, որով հաստատվել են կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների և կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացի հանդիսացող, հայերենին տիրապետող, կինոարվեստի կրթություն ունեցող, տեսալսողական բնագավառի այն գործիչները, որոնք բավարարում են ԿԳՄՍՆ-ի սահմանած չափանիշներին և ստորև նշված պայմաններից որևէ մեկին՝
- ստացել է կինոփառատոնի մրցանակ.
- համատեղ արտադրության որևէ ծրագրի մրցանակակիր է.
- ունի կինոփառատոնի ժյուրիի անդամի աշխատանքային փորձ:
Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների (կինեմատոգրաֆիայի մասնագետների) կազմում ընդգրկվելու մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում՝ համաձայն N 1 ձևի.
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն.
4) զինվորական գրքույկի (կամ զինապարտության մասին փաստաթղթի) պատճեն, եթե թեկնածուն զինապարտ է,
5) ինքնակենսագրություն՝ համաձայն N 2 ձևի.
6)մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր՝ գիտական, ստեղծագործական աշխատանքներ, հրապարակումներ կամ դրանց ցանկը (առկայության դեպքում).
7) ուղեկցող նամակ (հակիրճ ներկայացվում են այս պաշտոնով հետաքրքրվածության պատճառները) և դիմումատուի այն հմտությունները, որոնք, նրա կարծիքով, անհրաժեշտ են տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար.
8) կինեմատոգրաֆիայի ոլորտի բարեփոխման և զարգացման տեսլական՝ փակ և ստորագրված ծրարով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո (առնվազն 5 էջ):
9) 2 գունավոր լուսանկար` 3×4 չափսի.
10) հայտարարություն՝ համաձայն N 3 ձևի:
Դիմումը և կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3 հասցեով: Փաստաթղթերը ներկայացվում են 9 (ինը) օրինակից:
Դիմումներն ընդունվում են 2024 թվականի հոկտեմբերի 10–ից մինչև հոկտեմբերի 14-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-18:00-ը, ընդմիջում՝ 13:00-14:00:
Մրցութային հանձնաժողովի նիստը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010-599-631 հեռախոսահամարով (ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի վարչություն) կամ գրել sergey.ovsepyan@escs.am էլ. փոստին: