Նկարազարդող և անիմատոր Նաիրա Մուրադյանը, ով նաև «Ֆիրդուս. տեղի հիշողությունը» գրքի հեղինակներից է և մանկությունն անցկացրել է Ֆիրդուսում, ոգեշնչվելով իր հիշողություններից՝ ստեղծել է այս կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը:
Ռեժիսորը ֆիլմի նկարագրությունում գրել է «իմ Երևանի մի կտորը»: «Ֆիրդուսը» անիմացիոն թարմ նկար է. արտադրությունը ավարտվել է 2020 թվականին: Նաիրա Մուրադյանը այն տեղադրել է հետևյալ մեկնաբանությամբ՝ «քանի որ փառատոները հերթով չեղարկվում են, Ֆիրդուսն էլ քանդում են նոր ֆիլմս դնում եմ օնլայն»:
2017 թվականին Հետքին տված իր հարցազրույցում անիմատորը ասել էր՝ «Ֆիրդուսի փողոցն է իմը։ Երբ շուկան հավաքում էին, հիշու՞մ ես՝ բորբոքումներ եղան, իսկ ինձ համար այդ շուկան միշտ ատելի է եղել, որովհետեւ «զավթել» էր իմ տարածքը։ Այդ տունը դեռ կա եւ երեւի շուտով կքանդվի, ափսոսում եմ, բայց հասկանում եմ, որ քաղաքն օրգանիկ է, փոփոխությունների է ենթարկվում։»
Նաիրա Մուրադյանը ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1980 թվականից աշխատանքի է անցել «Հայֆիլմ» ստուդիայի անիմացիայի բաժնում՝ որպես բեմադրող նկարիչ։